«Ժամանակն է վերանայել դրսի ուժերի հետ խնամակալ-գնորդ հարաբերությունները»

Հունիսի 18-ին Հյուսիսային Իռլանդիայի Էննիսքիլեն քաղաքում` «Մեծ ութնյակի» երկրների գագաթաժողովի շրջանակներում, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես եկան հայտարարությամբ, որում նրանք հավաստիացրեցին, որ հավատարիմ են մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հարատև կարգավորման գործում օժանդակության տրամադրմանը:

«Հայտնում ենք մեր խորը ափսոսանքն այն պատճառով, որ փոխադարձ շահերի հիման վրա լուծում գտնելու ուղղությամբ ջանքեր գործադրելու փոխարեն` բանակցային գործընթացում կողմերը շարունակում են միակողմանի առավելություններ ձեռք բերելու փորձեր կատարել: Շարունակում ենք խորապես հավատալ, որ վերջին չորս տարիների ընթացքում մեր երկրների կողմից ընդունված հայտարարություններում ուրվագծված տարրերը պետք է ընկած լինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և հարատև ցանկացած կարգավորման հիմքում:

Այս տարրերը պետք է դիտվեն` որպես ամբողջություն, քանի որ որոշ տարրերին մեկ այլ տարրերի նկատմամբ առավելություն տալու ցանկացած փորձ անհնար կդարձնի հավասարակշռված լուծման հանգելը»,- մասնավորապես նշված էր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների հայտարարության մեջ:
Լոնդոնի «Հաշտեցման ռեսուրսներ» կազմակերպության («Conciliation Resources») Կովկասյան ծրագրի ղեկավար, քաղաքագիտության դոկտոր Լոուրենս Բրոյերսը, մեզ հետ զրույցում խոսելով Մինսկի խմբի եռանախագահների հայտարարության մասին, նշեց. «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացին որևէ առաջընթաց կարող են ապահովել հակամարտության անմիջական մասնակից երկրներն ու ժողովուրդները, այլ ոչ թե միջնորդները»:

Նրա կարծիքով` 2011 թ. հունիսի 24-ին Կազանում Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Մինսկի խմբի գործընթացը կարծես թե «թողնվել է ինքնահոսի», սակայն միաժամանակ պարոն Բրոյերսն ավելացրեց, որ դա խաղաղ կարգավորմամբ մտահոգ կողմերին պետք է չշեղի գլխավոր խնդրից` հակամարտության խաղաղ կարգավորման լուծման խաղաղ ճանապարհը գտնելուց:

Կարդացեք նաև

«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պետք է որոշեն`արդյոք համաձա՞յն են Մադրիդյան սկզբունքների իրականացմանը, թե՞ ոչ: Եթե համաձայն չեն, ապա նրանք պետք է առաջարկեն, ապա այդ դեպքում նրանք մեկ այլ կենսունակ քաղաքական այլընտրանք պետք է առաջարկեն իրենց հասարակություններին»,- նշեց բրիտանացի քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության կողմից ղարաբաղյան հակամարտության մյուս կողմին` Ադրբեջանին զինտեխնիկայի վաճառքին, ապա այս մասին «Հաշտեցման ռեսուրսների» փորձագետ Լ. Բրոյերսի կարծիքը միանշանակ է` պետություններին պատիվ չի բերում մի կողմից` զենք վաճառելը, մյուս կողմից` խաղաղ հաշտարարի դեր ստանձնելը:

«Արդյո՞ք մի երկիր, որն առաջատար դեր ունի խաղաղության գործընթացում, պետք է զենք վաճառի հակամարտող կողմերին: Արդյոք կարո՞ղ է հակամարտող երկրներից մեկում տնտեսական գերակա շահեր ունեցող պետությունը լինել անկողմնակալ:
Ռազմավարական դաշնակցությունն ունի իր սահմանները, հատկապես` երբ ռազմավարական դաշնակիցը գերտերություն է` իր սեփական շահերով և օրակարգով: Կովկասի պատմությունը լի է արտաքին դաշնակիցների հանդեպ չարդարացված հավատի մասին բազում օրինակներով: Կարծում եմ` ժամանակն է վերանայել դրսի ուժերի հետ խնամակալ-գնորդ հարաբերությունները և դրանք կառուցել երկկողմանի հարաբերությունների սկզբունքի վրա»,- նշեց Լ. Բրոյերսը:

Ավելացնենք, որ Ռուսաստանի կողմից Ադրեջանին մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարի զենքի և զինտեխնիկայի վաճառքի մասին տեղեկությունը ռուսական լրատվամիջոցները տարածեցին մինչև Մինսկի համանախագահների հայտարարությունը: Ըստ «Վեդոմոստի» թերթի` Ռուսաստանը ցամաքային զինտեխնիկա է մատակարարում Ադրբեջանին` 2011-12 թթ. երկու երկրների միջև կնքված պայմանագրի համաձայն: Մասնավորապես, նշվում է ռուսական տանկի նոր մոդելի` T-90C-ի (94 միավոր), Հետևակի մարտական մեքենաների` БМП-3-ի (մոտ 100 միավոր), հրետանային համակարգեր МСТА-С-ի (18 միավոր), «Սմերչ» զենիթա-հրթիռային համակարգերի (РСЗО, 18 միավոր) և այլ զինատեսակների մասին:

Ավելի ուշ` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայն Բորդյուժան Երևանում կայացած ՀԱՊԿ ռազմավարական-քաղաքական երկրորդ համաժողովին լրագրողների հետ հանդիպմանը, ի պատասխան հարցին, թե արդյոք այդ գործարքը չի՞ հակասում Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններին, պետք է ասեր` «դա բիզնես է»:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս