Սամվել Նիկոյան. ՎՊ-ն իր առջև դրված խնդիրները կատարել է, Իշխան Զաքարյանը կատարել է իր աշխատանքը, զեկուցել խորհրդարանին
«Յուրաքանչյուր պետական մարմին պետք է զբաղվի իր գործառույթներով` սահմանված օրենքի շրջանակներում, սահմանված ժամկետով: Սա է նախագահի ասածը: Որևէ մարմին, դրա ղեկավար իրավունք չունի չստուգված, չհիմնավորված թեմայի շուրջ հայտարարություններ անել, որը կարող է դիտարկվել որպես քաղաքական հայտարարություն` բացասական կասկածանք առաջացնելով հանրության մոտ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը` անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի մոտ շաբաթ օրը տեղի ունեցած հայտնի քննարկմանը` բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ:
Սամվել Նիկոյանը համաձայնեց Ս. Սարգսյանի այն հայտարարության հետ, թե իշխանությունն ինքն է բացահայտում, ինքն է փորձում գտնել իր թերությունները, բացասական երևույթները դարձնել հրապարակային, դրանց համար լուծումներ գտնել. «Բայց ցույց տալ բացասական երևույթներ ավելի, քան կա՝ անիմաստ է, դա ոչ մի օգուտ բերել չի կարող»:
ՀՀԿ պատգամավորը նշեց, որ «շատ տեղին ու ժամանակն էր» պետական կառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարական տալը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի դիտողություններին՝ ուղղված Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին, մենք հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր էր առանց նախագահի իմացության, թույլտվության նման բացահայտումներ կատարել և հրապարակել, ինչպես կարծում են շատերը: Ի պատասխան՝ Ս. Նիկոյանն ասաց. «ՎՊ-ն անկախ պետական մարմին է, գործում է օրենքի շրջանակներում, կատարում է Սահմադրությամբ իրեն վերապահված լիազորությունները: Եթե կան խնդիրներ, որոնք նրանք ի հայտ են բերել, պետք է ներկայացվեր: Այդ «բացահայտումներ» տերմինն անընդունելի է: Ով իր աշխատանքը կատարում է, ասում է՝ բացահայտում, բացահայտում, բացահայտում… Նա կատարել է իր աշխատանքը, զեկուցել խորհրդարանին` օրենքին համաձայն»:
ՀՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց, որ ՎՊ 2012թ. տարեկան հաշվետվության խորհրդարանական քննարկման ժամանակ եղան բացասական, դրական գնահատականներ, նաև այլ մոտեցումներ` քննադատություններ, ինչը խրախուսելի էր: «Եթե մատնանշվում է, որ այս գործառույթը կամ այս մոտեցումը չի համապատասխանում օրենքին, դա նորմալ պրոցես է: ՎՊ-ն, վերջիվերջո, այլևս այն չէ, ինչ 4 տարի առաջ, հասարակության խնդիրներն էլ փոխվել են: Եթե առաջ ՎՊ-ի կողմից խոսվում էր միլիոններով յուրացումների, անարդյունավետ ծախսերի մասին, հիմա խոսվում է, ենթադրենք` որևէ ծրագրից 1 կամ 2 մլն հավելագրումների մասին: Փոխվել են չափերը, նշանակում է, որ ՎՊ-ն իր առջև դրված խնդիրները կատարել է»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի գնահատականին, թե Իշխան Զաքարյանը նկատողությունների է արժանացել, որովհետև «գծից շեղվել է», Սամվել Նիկոյանն ասաց, թե դա սխալ մոտեցում է: Ըստ նրա` հանրապետության նախագահն անկախ պետական մարմինների գործունեությանն այս տարիների ընթացքում չի խառնվել, իսկ ՎՊ-ն էլ օրենքի սահմաններում լիարժեք աշխատելու բոլոր հնարավորություններն ունեցել է.
«Նախագահի բարձր տոնայնությունը պարզապես կապված է մի բանի հետ, որ Իշխան Զաքարյանը խոսում է մի երևույթի մասին, որը դեռևս չի ուսումնասիրվել, կամ ԱԺ-ի կողմից հանձնարարություն չի ունեցել: Այդ դեպքում, իհարկե, կարող էր առաջանալ վրդովմունք, բայց սա չի նշանակում, որ որևէ մեկը չի պաշտպանում ՎՊ-ին՝ օրենքով սահմանված իր լիազորությունները կատարելու հարցում: Նման դեպքում մենք ՎՊ-ի կողքին ենք, բայց երբ կատարվում են գործողություններ, որոնք օրենսդրորեն վերապահված չեն, պետք է հստակ ասել այդ մասին»: