Թումանյան փողոցում հնչած կրակոցների հեղինակը ոստիկանության գնդապետի եղբոր որդին է
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ հունիսի 29-ին, ժամը 04.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները Թումանյան փողոցում նկատել են, որ «Նիսսան Պայտֆայնդեր» ավտոմեքենայի ուղևորներից մեկը մեքենայի առջևի պատուհանից և տանիքի արևահարթակից ատրճանակից կրակոցներ է արձակում:
Թումանյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկից բաժին են ներկայացվել 1993թ. ծնված Ալբերտ Խ.-ն` նշված ավտոմեքենայով, և ուղևորներ՝ 1992 թ. ծնված Էրիկ Գ.-ն, 1993 թ. ծնված Էդգար Ս.-ն և 1996 թ. ծնված Մերի Ղ.-ն: Դեպքի վայրից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի կրակված 3 պարկուճ, իսկ ավտոմեքենայի տանիքից, շարժիչի կափարիչի արանքից ու առջևի աջ մասի ոտնատակից՝ 9 մմ տրամաչափի կրակված 3 պարկուճ: Վարորդի նստատեղի տակից հայտնաբերվել է անհայտ տիպի ատրճանակ` P38 9364 գրառմամբ:
Բանն այն է, որ նշված մեքենայի վարորդ Ալբերտ Խ.-ն, որը 20 տարեկան է, Երևանի բնակիչ Ալբերտ Խուդոյանն է, որը eMedia.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանի եղբոր որդին է:
Ըստ, ստացված նախնական տեղեկությունների, Ալբերտ Խուդոյանը հենց Սուրեն Խուդոյանի որդին է, սակայն Սուրեն Խուդոյանը մեզ հետ զրույցում հերքեց այդ լուրը և նշեց, որ իր որդին ոչ թե 20 տարեկան է, այլ 24 տարեկան է. «Երևի անունների և ազգանունների համընկնում է եղել, չի կարող պատահել, դա իմ որդին չէ»,-ասաց Սուրեն Խուդոյանը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Սուրեն Խուդոյանի եղբոր որդու անունը նույնպես Ալբերտ է:
Ըստ տեղեկությունների, դեպքի օրը ոստիկանության բաժին բերման ենթարկվելուց հետո, կենտրոնականի բաժին է այցելել Ալբերտ Խուդոյանի պապիկը՝ ավագ Ալբերտ Խուդոյանը և ի տես բոլորի ապտակել է իր կարգազանց թոռնիկին: Տեղեկությունների համաձայն ոստիկանության բաժնում է եղել նաև ինքը՝ Սուրեն Խուդոյանը, ով այս դեպքում հորեղբայրն է:
Կարդացեք այստեղ.