Հովիկ Աբրահամյանը չի զղջում իր հնչեցրած գնահատականների համար
«Նախագահի գնահատականների հետ միշտ համակարծիք եմ»: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, ըստ henaran.am-ի՝ ասել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթի մասին, որտեղ նախագահը խիստ գնահատականներ էր տվել Վերահսկիչ պալատի վերջին հայտարարություններին:
«Ես հայտնել եմ իմ կարծիքը, տպավորությունը հաշվետվության ներկայացման գործընթացի հետ կապված»,- նշել է Աբրահամյանը` ի պատասխան հարցի, թե իր գնահատականներն ավելի կոշտ էին, քան նախագահինը:
Լրագրողների այն դիտարկմանը, որ ՀՀԿ-ին և հենց ԱԺ նախագահին դժվար օրեր են սպասվում, քանի որ նախագահը նշեց, որ խորհրդարանական մեծամասնության խմբակցության հետ խորհրդակցություն է անցկացնելու եւ խոսելու նրանց պահվածքի մասին, նա արձագանքել է. «Այսօր ես կարծիք չեմ ուզում հայտնել, սպասենք»:
Հարցին, թե չե՞ք կարծում, որ զրույցը շատ կոշտ է լինելու, պատասխանել է. «Ոչ, դուք միշտ կոշտացնում եք ձեր տեսակետը»: ԱԺ նախագահն ասել է, թե չի զղջում իր արած գնահատականների համար: Ավելին, այսօր էլ նույնը կկրկներ: Հարցին, թե իր կարծիքով` ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ճի՞շտ գնահատականներ է հնչեցրել հաշվետվության վերաբերյալ, Աբրահամյանը պատասխանել է.
«Մենք, օգտվելով մեր իրավունքից, հաշվետվությունն ուղարկել ենք գլխավոր դատախազություն եւ դատախազությունը կտա իր պատասխանը»: ԱԺ նախագահը եւս մեկ անգամ կրկնել է, որ ինքը ներկայացրել է իր տպավորությունները հաշվետվության վերաբերյալ եւ քանի որ այդ տպավորությունը, այդ գնահատականները պետք է հիմնավորվեն, հանձնարարական է տվել հաշվետվությունն ուղարկել գլխավոր դատախազություն:
Տեսանյութը՝ այստեղ.