Տարոն Մարգարյանն անդրադարձել է Սունդուկյան փողոցի 90 շենքի բնակիչների բողոքին
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ապօրինի շինարարության և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող մշտական հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել է ինքնակամ շինարարության 6 դեպք: Ընդգծելով, որ նախորդ տարիների համեմատ դեպքերն էապես նվազել են, քաղաքապետը հանձնարարել է շարունակել ամենօրյա աշխատանքը` դրանք բացառելու ուղղությամբ:
Նախորդ շաբաթ որոշ լրատվամիջոցների կողմից շահարկված Սունդուկյան փողոցի 90 շենքին հարակից բակային տարածքում նախատեսված աշխատանքների հետ կապված` Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը զեկուցել է, որ բնակիչների հարմարավետ հանգստի կազմակերպման նպատակով նախատեսվել է բակի բարեկարգում: Համաձայն զեկույցի՝ որոշ բնակիչների կողմից տարիներ առաջ զավթած հողակտորների մի մասը ծառայել են որպես բոստանային տարածքներ, մյուս մասում էլ եղել են ավտոտնակներ, որոնք ապամոնտաժվել են: Վարչական շրջանի ղեկավարը նաև զեկուցել է, որ սույն աշխատանքների շրջանակում մշակվել է տարածքի բարեկարգման էսքիզային նախագիծ, որը ներկայացվել է բնակիչներին ու արժանացել նաև նրանց հավանությանը:
«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ մայրաքաղաքի բոլոր բակային տարածքները վերադարձնելու ենք երևանցիներին: Այդ ուղղությամբ վերջին երկու տարիների ընթացքում մեր կողմից կատարած աշխատանքները դրական արդյունք են տվել ու ընդունվել են բնակիչների կողմից: Ըստ այդմ, առաջիկա 4 տարիներին ևս շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատանքները, որպեսզի ծրագիրը հասցնենք ավարտին, և Երևանի բոլոր բակերը ծառայեն մեր քաղաքացիներին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով շինբարեկարգման տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքին՝ քաղաքապետը հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել դրանց որակի ապահովման ուղղությամբ:
Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի ենթակայության կառույցների կողմից գնման գործընթացների կազմակերպմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն հետևել դրանց համապատասխանությանը գնումների օրենսդրությանը և կնքված պայմանագրերի պատշաճ կատարմանը: Քաղաքապետը նաև հանձնարարել է յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ կատարած աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են մայրաքաղաքի փողոցների ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման ու ընթացիկ նորոգման աշխատանքները: Զուգահեռաբար իրականացվում են նաև փողոցների գծանշման, ճանապարհային երթևեկության վնասված նշանների փոխարինման ու վերականգնման աշխատանքները: Հանձնարարվել է մինչև նոր ուսումնական տարեսկիզբ ապահովել կրթական բոլոր հաստատությունների հարակից փողոցների գծանշումները:
Անշարժ գույքի սեփականատերերի կամ վարձակալների կողմից իրենց օբյեկտներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման և այլ աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 145 վարչական արձանագրություն:
Զեկուցվել է, որ շարունակվում են վարչական շրջանների, համատիրությունների, ինչպես նաև համատիրություն-վարչական շրջան համատեղ ուժերով իրականացվող բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է գույքագրել և հետագայում ծրագրերում ներառել նաև շենքերի բոլոր հարկաբաժինների աստիճանահարթակների վերանորոգման աշխատանքները:
Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ ավարտվել են մայրաքաղաքի ծրագրով նախատեսված թվով 35 կամարանցումների վերանորոգման և նկարազարդման աշխատանքները: Ընթացքի մեջ են բակային տարածքների նկարազարդումները:
Անդրադառնալով «Ավելի մաքուր Երևան» կարգախոսով ծրագրին` կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ պետական կառույցների, նաև՝ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ նախորդ շաբաթ սանմաքրման աշխատանքներ են իրականացվել «Հաղթանակ» զբոսայգում: Քաղաքապետը հանձնարարել է ծրագրի շրջանակում առաջարկություններ ներկայացնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում, մինչև սեպտեմբեր, յուրաքանչյուր շաբաթ մաքրման աշխատանքներ կազմակերպելու վերաբերյալ:
Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը զեկուցել է, որ հուլիսի 1-ից վարչական շրջաններում մեկնարկում են բակային ճամբարները: Նախատեսված են մարզական և մշակութային մի շարք միջոցառումներ ու մրցույթներ, էքսկուրսիաներ և հանդիպումներ մտավորականների հետ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն