Բրազիլիան 3:0 հաշվով հաղթեց Իսպանիային և նվաճեց Կոնֆեդերացիայի գավաթը (տեսանյութ)

Այս գիշեր Բրազիլիայի հավաքականը հանրահայտ «Մարականա» մարզադաշտում 3:0 հաշվով ջախջախեց աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ընտրանուն և նվաճեց Կոնֆեդերացիայի գավաթը:

Հանդիպման 2-րդ րոպեին Ֆրեդը անկյունայինի խաղարկումից հետո պառկած դիրքից գրավեց Իկեր Կասիլյասի դարպասը: 43-րդ րոպեին Պեդրոն կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն Դավիդ Լուիսը անհավանական սահանկումով հեռացրեց դարպասն ընթացող գնդակը: Մեկ րոպե անց իր խոսքն ասաց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Նեյմարը. «Բարսելոնայի» նորեկը մոտ տարածությունից հուժկու հարվածով գնդակն ուղարկեց Կասիլյասի պաշտպանած դարպասի մոտակա անկյունը:

Ընդմիջումից հետո բրազիլացիները, չբավարարվելով ձեռք բերածով, կրկին նետվեցին գրոհների և 47-րդ րոպեին Ֆրեդը հաշիվը դարձրեց խոշոր՝ 3:0:

55-րդ րոպեին իսպանացիները հաշիվը կրճատելու լավագույն հնարավորությունը ստացան, սակայն Սերխիո Ռամոսը 11-մետրանոց նշակետից շեղ հարվածեց, իսկ 68-րդ րոպեին Խերարդ Պիկեն արգելված հնարքով կասեցրեց Նեյմարի առաջխաղացումը և հեռացվեց խաղադաշտից. մրցավարը համարեց, որ Պիկեն վերջին հույսի խախտում կատարեց:

Կարդացեք նաև

Հանդիպման մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չգրանցվեցին: Աշխարհի 5-ակի չեմպիոնները վստահ հաղթանակ տարան աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնների նկատմամբ և նվաճեցին Կոնֆեդերացայի գավաթը:

Նեյմարը ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, իսկ Ֆերնանդո Տորեսն արժանացավ Կոնֆեդերացիայի գավաթի «ոսկե խաղակոշիկին» (5 գոլ), Ֆրեդը նույնպես 5 գոլի հեղինակ դարձավ, բայց նրան բաժին հասավ «արծաթե խաղակոշիկը»:

Տեսանյութեր

Լրահոս