«Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում ակնոց է տրվել մոտ 57 500 մարդու
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց Ս. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի ղեկավար, գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանին և «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Նունե Եղիազարյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվեց ծրագրի շրջանակներում Տավուշի մարզում ակնաբուժական կլինիկայի մասնաճյուղ ստեղծելու հարցը։ Հատկապես հեռավոր տարածքներում ակնաբուժության ստացիոնար ծառայության կազմակերպման անհրաժեշտությունն ակնհայտ է դարձել մարզային այցերի ընթացքում։ Նախարար Դումանյանը ողջունելի համարեց պիլոտային նման ծրագրի ներդրումը։ Քննարկվեցին դրա իրականացման հետ կապված մանրամասներ։
Նախարարին ևս մեկ անգամ համառոտակի ներկայացվեցին ՀԱՆ-ի կողմից Հայաստանում իրականացվող լայնածավալ աշխատանքները ձեռքբերովի կուրությունը կանխարգելելու եւ 21-րդ դարի ակնաբուժությունը յուրաքանչյուր հայի համար հասանելի դարձնելու համար։ Նշվեց, որ անցած 10 տարվա ընթացքում «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում աչքի շարժական հիվանդանոցը Հայաստանի մարզերում և Լեռնային Ղարաբաղում հինգերորդ շրջայցն է կատարում։ Մինչև այժմ իրենց բնակավայրերում անվճար ստուգվել է 329 146 մարդ, որից մոտ 137 հազարը` երեխաներ, վիրահատվել է 11 823-ը, լազերային միջամտության ենթարկվել` 4 540-ը, ակնոց է տրվել մոտ 57 500 մարդու։
Նախարարը հետաքրքրվեց նաև կուրությունը կանխելու նպատակով անհասության ռետինոպատիայի նորածնային սրինինգի և բուժման ծրագրով։ Նրան տեղեկացվեց, որ ծրագրի շրջանակներում 2010թ.-ից անհաս երեխաների շրջանում կատարվել է 1605 հետազոտություն։ Սպառնացող կուրությունը կանխելու նպատակով նրանցից 53-ին կատարվել է լազերային միջամտություն, իսկ 8-ին` սրսկում։
Ռիսկային խմբում գտնվող երեխաների հետագա վիրահատական բուժումն իրականացվում է արտասահմանում` հիմնականում Սանկտ Պետերբուրգում։ Դա է պատճառը, որ ՀԱԿ-ն իր գործընկերների հետ նախաձեռնել է «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի» ստեղծումը Հայաստանում։
Առողջապահության նախարարության մամլո ծառայություն