Գյումրիում «ռազմահայրենասիրական ճամբար» է բացվելու
Հունիսի 30-ին Գյումրիում տեղի կունենա Եվրասիական երիտասարդական «Ապագան կերտվում է այսօր» խորագրով ռազմահայրենասիրական ճամբարի բացման հանդիսավոր արարողությունը:
Ճամբարը գտնվում է գեղատեսիլ բնության գրկում` Ռուսական 102-րդ ռազմակայանի մոտ:
Ռազմահայրենասիրական ճամբարի անցկացման գլխավոր նպատակն է՝ հոգեպես և բարոյապես զարգացնել ԱՊՀ երկրների երիտասարդ սերնդին` սոցիալական պատասխանատվության, աշխատասիրության և ստեղծագործական ոգով: Եվրասիական ճամբարը միտված է հետխորհրդային տարածաշրջանի երիտասարդության շրջանում սերմանել քաղաքացիական պատասխանատվութուն և ստեղծել իրենց պետությունները պաշտպանելու և զինծառայություն անցնելու շարժառիթներ: Ռազմահայրենասիրական ճամբարը դեպի ԱՊՀ երկրների երիտասարդների համախմբումը տանող ևս մի կարևոր քայլ կդառնա և կնպաստի, որ ԱՊՀ տարածաշրջանի բազմազգ ժողովուրդը գիտակցի փոխադարձ օգնության արժեքը:
Ռազմահայրենասիրական ճամբարի մասնակիցներն ԱՊՀ և հետխորհրդային տարածաշրջանի երկրների բնակչության երիտասարդ սերնդի ներկայացուցիչներն են, ովքեր ստացել են միջնակարգ, թերի բարձրագույն և բարձրագույն կրթություն` ԱՊՀ և հետխորհրդային տարածաշրջանի երկրներում:
Ճամբարի բացման արարողությանը ներկա կգտնվի նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ի.Կ. Վոլինկինը, ինչպես նաև` ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը:
Միջոցառման ընթացքում տեղի կունենա ռուսաց լեզվի անվճար դասընթացների առաջին փուլում առավել աչքի ընկած ուսանողների ավարտական վկայականների հանձնման արարողությունը: Բացի այդ, միջոցառման ընթացքում ռուսաց լեզվի անվճար դասընթացների կենտրոնների լավագույն դասախոսներին կհանձնվեն շնորհակալագրեր:
Նշենք նաև, որ բացման արարողությանը կհնչի ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանոնի ողջյունի խոսքը՝ ուղղված ռուսաց լեզվի անվճար դասընթացների կենտրոնի շրջանավարտներին:
Ռազմահայրենասիրական ճամբարի առաջին հյուրերը կլինեն հենց կենտրոնի շրջանավարտները:
Հիշեցնենք, որ արդեն երկրորդ տարին է Հայաստանի Հանրապետությունում` «Ռուսական Գրքի Տուն» մշակութային կենտրոններին կից, հաջողությամբ գործում են ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոններ:
Առաջին կենտրոնները բացվել են 2013 թվականի մարտին՝ համապատասխան կրթական նոր ծրագրին: Սույն թվականի ապրիլի 8-ին` կենտրոնների հանդիսավոր բացմանը, ներկա են գտնվել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանոնը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը և ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը:
2013 թվականի կրթական ծրագրին մասնակցել են հինգ հազար մարդ:
ԱՊՀ Երկրների Երիտասարդական Միություն