Վաչագան Մկրտչյանն ասում է, որ բանկի մասնաճյուղի կառավարիչ «զենք է բարձրացրել» իր վրա
«Վաչագան-Գևորգ» ՍՊԸ տնօրեն Վաչագան Մկրտչյանի խոսքով, արդեն 2 տարի է՝ ինքը չի կարողանում «Արցախ» բանկից ճշտել՝ որքա՞ն տույժ-տուգանք է գումարվել իր գրավադրված գույքին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա պատմեց, որ ունեցել է շինարարական կազմակերպություն՝ «Վաչագան-Գևորգ» ՍՊԸ անունով, իր բիզնես գործունեության ընթացքում աշխատել է տարբեր բանկերի հետ, հաջողությամբ մարել է վերցված վարկերը: Համագործակցություն եղել է նաև «Արցախ» բանկի հետ:
Ըստ նրա՝ 2010-ին սկսվել է ֆինանսական ճգնաժամը, որն ամենաշատ ազդեցությունն ունեցել է շինարարության ոլորտի վրա: Այդ ընթացքում, նրա խոսքով՝ ինքը դժվարացել է մարել «Արցախ» բանկի տրամադրած գումարները, դիմում է ներկայացրել բանկի վարչության նախագահին՝ խնդրելով երկարեցնել վարկի մարման ժամկետը, իջեցնել տոկոսադրույքը, սակայն ստացել է պատասխան, որ Կենտրոնական բանկը նման բան թույլ չի տալիս:
Նրա շահերի պաշտպան Մարիաննա Եղիազարյանն ասաց. «Նա բիզնես-վարկեր է վերցրել «Արցախ» բանկից, 6 տարի շարունակ եղել է հաճախորդը, նորմալ մարումներն արել է, սակայն եկել է շրջան, որ չի կարողացել մարել և սկսել են հսկայական չափերով տույժ-տուգանքներ գանձվել, ինչի հետևանքով շուկայականից ցածր գնով վերցվել է այն շինությունը, որտեղ իրականացվում է նրա բիզնեսը, այն գտնվում է Ջրվեժ թաղամասում, դրանում առկա գրավադրված շարժական գույքը, այսինքն՝ ապրանքն ամբոջությամբ:
Ներկայումս խնդիրը նրա սեփականությունը հանդիսացող փոքր կենտրոնում գտնվող բնակարանն է, որը ևս գրավադրված է, սակայն 2 տարի է՝ տեղեկություն չկա, թե ներկայումս այդ գրավադրված գույքին որքա՞ն տույժ-տուգանք է գումարվել: Այսինքն՝ կոնկրետ թիվ չկա, թե ներկա պահին ինչքա՞ն է կազմում մարդու պարտավորությունը: Այսինքն՝ եթե օտարվի բանկի կողմից թեկուզ 200.000 դոլարով՝ ինչքա՞նն է գնալու բանկի վարկի մարմանը և ինչքա՞նն է մնալու նրա տրամադրության տակ»:
Փաստաբանն ասում է, որ Վաչագան Մկրտչյանը մի քանի դիմում է մուտքագրել բանկին, սակայն նրանցից պատասխան չի ստացվել: Մարիաննա Եղիազարյանի խոսքով՝ քանի որ «Արցախ» բանկից ստացված որևէ փաստաթութ չկա, իրենք չեն կարող դիմել դատարան. դատարան հայց ներկայացնելու համար կողմը չունի իրավիճակը բնութագրող որևէ փաստաթուղթ: Փաստաբանը հավելեց, որ այժմ Վաչագան Մկրտչյանի բնակարանը հանվել է աճուրդի.
«Մինչև դու կգնաս վարչական վարույթով, վարչական խախտումը վեր հանելով, արդեն բնակարանը չի լինի»:
Վաչագան Մկրտչյանը պատմեց նաև, որ «Արցախ» բանկի Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող մասնաճյուղի կառավարիչ Զորիկ Ավետիքյանն իր վրա «զենք է բարձրացրել» այն ժամանակ, երբ ինքը պարզաբանում է պահանջել իր կնոջ մոտ արած հայտարարությունների համար. ըստ Վաչագան Մկրտչյանի՝ բանկի մասնաճյուղի կառավարիչն ասել է, թե իր պարտքերի պատճառը թղթախաղ խաղալն ու սիրուհիներ ունենալն է: