Թուրքական բանակին կզրկեն պետական հեղաշրջումներ կազմակերպելու իրավունքից
Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները որոշել են փոխել բանակային կանոնադրությունը՝ զինվորականներին զրկելով պետական հեղաշրջումներ կազմակերպելու իրավունքից:
Համապատասխան ուղղումները Թուրքիայի կառավարությունը երեկ ներկայացրել է խորհրդարանի դիտարկմանը: Այդ ուղղումները սահմանափակում են զինվորականների մասնակցությունը երկրի ներքաղաքական կյանքին:
Նրանց հիմնական առաջադրանքը դառնալու է Թուրքիայի պաշտպանությունն արտաքին սպառնալիքներից: Խորհրդարանն այդ օրինագիծը դիտարկելու է այս տարվա աշնանը՝ ամառային արձակուրդներից հետո:
Թուրքական բանակին հեղաշրջում կազմակերպելու իրավունք է հատկացվել 1960 թվականին: Դրանից հետո զինվորականները չորս անգամ իրականացրել են իշխանափոխություն (27.05.1960, 12.03.1971, 12.09.1980 և 28.02.1997, որոնցից 1960 և 1980 թվականներին իրականացվել են զինվորական հեղաշրջումներ, իսկ 1971 և 1997 թվականներին՝ հետմոդեռնիստական հեղաշրջումներ – 168.am):
Թուրքիայի կառավարությունն այս ուղղումները նախապատրաստել է այս տարվա մայիսին երկրում մեկնարկած բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին: