ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է Թուրքիա
Ուկրաինական УНИАН լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան երեկ պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա: Այս մասին հայտնել է Ուկրաինայի Տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այսօր Անկարայում տեղի է ունենալու Ուկրաինայի ու Թուրքիայի արտգործնախարարների համանախագահությամբ Ռազմավարական պլանավորման երկկողմանի խմբի երկրորդ նիստը: Բացի այդ, Կոժարան հանդիպումներ է ունենալու Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Ջեմիլ Չիչեքի և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ:
Կոժարան վաղը կմեկնի Ստամբուլ, ուր և ելույթ կունենա ԵԱՀԿ ԽՎ-ի 22-րդ ամառային նստաշրջանի բացման արարողակարգի ժամանակ և մի շարք հանդիպումներ կանցկացնի այդ նիստին մասնակցող օտար պատվիրակությունների ներկայացուցիչների հետ: