BMW 528i-ը դարձել է այս տարի Իրան ներկրված ամենաթանկարժեք ավտոմեքենան
Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ BMW 528i-ը դարձել է այս տարի (մեկնարկել է մարտի 21-ին) Իրան ներկրված ամենաթանկարժեք ավտոմեքենան: Այն ներկրվել է 179.899 դոլարով:
Այս տարի Իրան ներկրված ամենաթանկարժեք երկրորդ մեքենան Mercedes Benz SL500-ն է՝ 175.431 դոլար: Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին երկու ամսվա ընթացքում Իրանը ներկրել է 3580 ավտոմեքենա, ինչը 21 տոկոսով ավելի պակաս է՝ համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ:
Հաշվետու ժամանակահատվածում Իրանը ներկրել է ընդհանուր առմամբ 93 միլիոն դոլարի ավտոմեքենաներ, ինչը 1.1 տոկոսով ավելի պակաս է՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ:
Իրանն ավտոմեքենաներ է ներկրում հիմնականում Հարավային Կորեայից, ԱՄԷ-ից ու Ճապոնիայից: Այս տարվա առաջին երկու ամսվա ընթացքում Իրանում արտադրվել է 68.295 ավտոմեքենա, որոնցից 45.457-ն արտադրվել է այս տարվա երկրորդ ամսին:
Ամենաշատն արտադրվել է SAIPA’s Pride մակնիշի ավտոմեքենա՝ 20.494 միավոր: Նախորդ տարի Իրանն արտադրել էր 989.110 ավտոմեքենա, որով Իրանը Ասիայում ավտոմեքենաների խոշորագույն արտադրողների ցանկում զբաղեցրել էր 8-րդ տեղը: