Մարգարիտ Եսայան. Պարզ խոսենք` մենք թաքցնելու բան չունենք

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանում տեղի է ունենցել զինվորական շքերթ, ամբողջ օրվա ընթացքում դա եմ կարդում, կարդում եմ վերլուծություններ, գնահատականներ և հազար ու մի այլ արձագանք: Մտածում էի` ինքս էլ գրե՞մ, թե՞ ոչ, ասե՞մ, թե՞ չասեմ, օրվա այս ժամին հանկարծ զգացի, որ չասել չեմ կարող, քանի որ այն, ինչ այսօր և արդեն շուրջ 25 տարի ու ավելի` կատարվում է Հայաստանի անմիջական հարևանների հոգեկերտվածքում, վաղուց ոչ միայն այդ երկրի, ոչ միայն նրա անմիջական հարևան Հայաստանի, ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև` մարդկության խնդիրն է:

Այո, քանի որ վատն էլ, լավն էլ նախ կատարվում մտքով, հետո իրականության և ռեալ-պոլիտիկի մեջ: Իսկ մեր բախտը հարևանների հարցում շատ չի բերել, ընդհանրապես չի բերել, հարևաններ ունենք` աշխարհը չունի, քնում-արթնանում իրենց տիեզերքի կենտրոն են երևակայում:

Մտածում էի` գրե՞մ, թեև ոչ, ասե՞մ, թե՞ չասեմ, որովհետև երբ լրագրող էի, կարող էի գրել ավելի ազատ, հիմա, երբ քաղքական ուժ եմ ներկայացնում, այն էլ իշխանական, խոսքի հանդեպ պատասխանատվությունը կրկնապատկվում է: Միայն Մոնոմախը գիտեր, թե որքան ծանր է լինում գլխարկը:

Կարդացեք նաև

Ի վերջո, գրելը ճիշտ է, քանի որ Ադրբեջանը կրկին իրեն իրավունք է վերապահում հոխորտալ իմ երկրի դեմ, իմ ազատ Արցախի դեմ, անգամ հավակնել, որ իր դրոշը կարող է երբևէ ծածանվել հայկական հողի, մեր ազատագրած տարածքների և անկախության վրա:

Իհարկե, համամիտ եմ, եթե դու ունես հարյուր հրթիռ, իսկ թշնամիդ՝ հազար, ուրեմն՝ այդքան անգամ նա կարող է ավելի հարվածել, բայց արդյո՞ք կարող է հարվածել: Ո՞ւմ համար է նորություն, որ ՌԴ-ն զենք է վաճառում աջ ու ձախ, մի՞թե նոր փաստի բացահայտում էր, անշուշտ` ոչ, մյուս կողմից` իսկ ո՞ւմ համար է գաղտնիք, որ Հայաստանը ձեռքերը ծալած չի նստում: Խոսե՞նք այս մասին, կարծում եմ` ոչ, հայի հետին խելքը միշտ էլ ավելի խելոք է, քան ազերիների հոխորտանքը:

Ալիևն էր, մի բան ասեց, բայց մենք գիտենք, որ ինքը դա ասում է անընդհատ, չմոռանանք, որ այդ երկրում նախագահական ընտրություններ են լինելու հոկտեմբերին, և հիմա պայքարը գնում է այլիևների և ալիևների միջև, Մեհրիբանի նկարը հենց այնպես չի հայտնվում ամենուրեք, իսկ այս տիկնոջ հայրական գերդաստանը` փաշաևյան, պակաս ուժեղ չէ, քան ալիևյանը, որն իրականում արդեն վաղուց թուլացած է:

Տարիներ առաջ մի սեմինարի էի մասնակցում, որին ներկա էին նաև ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողներ, նրանից երկուսին Բրյուսելից վերադառնալուն պես ձերբակալեցին: Մեկն ինձ ասում էր, որ շատ հեշտ է ալիևներին ոչնչացնելը և իրենց հույսը, ոչ ավել, ոչ պակաս մենք էինք` հայերս, քանի որ այդ լրագրողի կարծիքով՝ Հայաստանն արդեն ոչնչացրել է Ադրբեջանին արցախյան հարցի միջազգայնորեն ընդունված նորմերին համապատասխան լուծում տալով, և, գիտե՞ք, այդ տղան ինձ համոզում էր` չնահանջեք, չզիջեք, պետք է ալինևների քթին տալ:

Սա, որպես հիշողություն, առանց մեկնաբանության:

Վերադառնամ այսօրվան` այո, Ադրբեջանը զինված է, զինվում է և հոխորտում է, դա Իլհամի վերջին շանսն է, ինքը գնացող է, իսկ աշնանն այդ երկրում ընտրություններ են, և այլևս չի օգնելու ոչ նավթը և ոչ էլ խավիարը, աշխարհը կշտացել է և նույն այդ աշխարհը շատ լավ հասկանում է, որ ինքն իր արժեքներից այլևս նահանջելու տեղ չունի, քանի որ նոր նահանջը կաշխատի հենց իր դեմ:

Իսլամիզը այսօր աշխարհը գրավելու ծրագիր է իրականացնում, մահմեդականությունը փորձում է գրավել Եվրոպան և աշխարհը, նույն դեմոկրատիկ Եվրոպան շատ լավ է հասկանում, որ մեր տարածաշրջանում այլևս ոչ թե Հայաստան-Ադրբեջան-Ղարաբաղ կոնֆլիկտ է, այլ` քաղաքակրթությունների: Ուրեմն, թե քանի հրթիռ ու տանկ ունի Ադրբեջանը և քանիսը` Հայաստանը, զրո իմֆորմացիա է, քանի որ նախ` Հայաստանը եթե հաղթել է, երբեք չի հաղթել տանկերի և հռթիռների քանակով, և եթե պարտվել է, չի պարտվել դրանց չլինելու պատճառով:

Ուրեմն, բոլորովին պատահական չէր, որ այս օրերին մեր երկրի նախագահը Լեհաստանում հայտարարեց, որ մենք ոչ թե «կամ-կամ»-ի , այլ` «և-և»-ի կողմնակից ենք և դա ամենևին չի նշանակում, թե այստեղ հակասություն կա, ընդհակառակը` սա է հենց հայի ետին խելքը:

Իսկ ի՞նչ են սպասում մեզնից` նայեք մեր դիրքը գլոբուսի վրա, տեսեք մեր հարևաններին, նրանց կրոնական մոլեռանդությունը, մյուսների` մեր եկեղեցիներն իրենցով անելու մոլուցքը, երրորդների` երկու դարպասի վրա խաղալու բնավորությունը: Իսկ ի՞նչ եք ուզում, ասենք` միայն Ռուսաստա՞ն: Ու վե՞րջ, կամ` ասենք միայն ԵՄ , և` վե՞րջ: Մենք չունենք միակողմանի մտածելու և գործելու իրավունք, քանի որ ուզում ենք մնալ ինքնուրույն և անկախ, իսկ և-և-ը հենց այդպիսին լինելու և մնալու հնարավորություն է:

Իսկ աշխարհը խոշոր հաշվով ինքն է խրված բազմաթիվ խնդիրների մեջ, մեկը լինի Եվրոպային օգնի, որին իսլամիզմն արդեն խեղդում է, մեկը լինի Ռուսաստանին օգնի, որը զենքը վաճառում է իր ասելով, որպես բիզնես ծրագիր, կարծես մակարոն է վաճառում: Լեհաստանը եթե ասում է` կողմնորոշվեք, պիտի ասի, թե ինչ ենք ստանում դրա դիմաց` տեսանելի, շոշափելի, կոնկրետ, կողմնորոշումը ենթադրում է ընտրություն, ընտրությունը` այլընտրանք` համարժեք և հուսալի, կրկնում եմ` տարածաշրջանում, որտեղ ազգային անվտանգությունը թիվ մեկ խնդիր է, որտեղ ամեն առավոտ պատերազմը կարող է թակել դուռդ: Հակառակ դեպքում կողմնորոշմումը պարապ խոսակցություն է:

Մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանում առանց այլևայլության, պարզ, հստակ, անգամ եվրոպական բազմաշերտ դիվանագիտության համար հասկանալի հայտարարեց բառացիորեն հետևյալը. «Ցավոք, մեր տարածաշրջանում դեռևս առկա են խնդիրներ, հանգամանքներ, որոնք խոչընդոտում են Արևելյան գործընկերությամբ ընձեռված հնարավորությունների լիարժեք իրացմանը: Եվրոպան, ցավոք, ոմանց համար դեռևս միայն շուկա է և ոչ թե արժեհամակարգ: Հիրավի, զավեշտական է, երբ մեր մի հարևանը, որը հայտարարում է եվրոպական ուղին որդեգրելու մասին, զուգահեռաբար հերոսացնում է էթնիկ հողի վրա ստոր մարդասպանություն գործած սրիկային, սպառնում է հարվածել քաղաքացիական օդանավերին, պատերազմով զրկել հազարամյակներով իր հողի վրա ապրող ժողովրդին այդ իրավունքից:

Մեր մյուս հարևանը` Թուրքիան, որ դարձյալ ձգտում է դեպի Եվրոպա և հանդիսանում է ԵՄ մաքսային միության անդամ, մեր անկախության առաջին իսկ օրերից փակել է մեր սահմանը և հրաժարվում է 21-րդ դարում հարևանների միջև այդքան առօրեական համարվող հարաբերություններից: Եվրոպայի հետ մեր վարած բանակցությունների առանցքն է շուկաների փոխադարձ հասանելիությունը, մարդկանց տեղաշարժի ազատությունը, բայց միևնույն ժամանակ Հայաստանի սահմանը ԵՄ մաքսային միության հետ մնում է փակի տակ: Մենք ակնկալում ենք դրա անընդունելիության լիարժեք և հստակ գնահատական»:

Ասել կուզի` սիրելի Եվրոպա, մենք գնահատում ենք, գիտակցում ենք և ձգտում ենք ինտեգրման, բայց դու, որպես արժեհամակարգի կրող, դու ինքդ ինչ ես անում, որ մենք կարողանանք, ավելի արագ ու ժողովրդավարական ճանապարհով գալ դեպի քեզ: Սրանից ավելի պարզ չի լինում»:

Տեսանյութեր

Լրահոս