Բաժիններ՝

Եգիպտոսում բախումներ են գրանցվել ցուցարարների ու ոստիկանների միջև. կա 237 վիրավոր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի մայրաքաղաքակ Կահիրեից հյուսիս ընկած Էլ-Մանսուրա քաղաքում երեկ զանգվածային բախումներ են գրանցվել նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների ու հակառակորդների միջև: Բախումների հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել է 237 մարդ:

Ընդդիմությունը ակցիաներ է կազմակերպել՝ փորձելով հասնել նախագահի հրաժարականին՝ վերջինիս երդմնակալության արարողության (հունիսի 30) մեկամյակից առաջ: Դրա հետ կապված՝ երեկ Կահիրեում և այլ քաղաքներում մտցվել էին բանակային ստորաբաժանումներ, ինչպես նաև կառուցվել են արգելապատնեշներ և անցկացվել են լարափակոցներ:

Եգիպտոսի քաղաքացիական ակտիվիստները, որոնք ձգտում են հասնել Մուրսիի հրաժարականին և վաղաժամ ընտրությունների անցկացմանը, արդեն իսկ իրենց աջակցության օգտին հավաքել են ավելի քան 15 միլիոն ստորագրություն:

Դա գրեթե երկու միլիոնով ավելին է, քան՝ ընտրողների քվեները, որոնց շնորհիվ Մուրսին նախորդ տարի դարձավ երկրի նախագահ: Մուրսիի դեմ ծավալված կամպանիայի գագաթնակետը պետք է դառնա հունիսի 30-ին, երբ նրա երդմնակալության մեկամյակի օրը Կահիրեում գտնվող նախագահական նստավայրի մոտ անցկացվելու է «միլիոնների երթ»:

Մուրսին երեկ ուղիղ եթերով դիմել է երկրի քաղաքացիներին՝ հայտարարելով, որ Ազգային հաշտեցման հանձնաժողովի ձևավորման մասին՝ քաղաքական բոլոր ուժերին կոչ անելով իրենց մասնակցությունն ունենալ դրանում: Մուրսիի ելույթը տևել է 2.5 ժամ, որի ժամանակ նա ամփոփել է իր նախագահության մեկ տարին:

Մուրսին խոստովանել է, որ երբեմն սխալներ է գործել, ինչը բնորոշ է բոլոր մարդկանց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս