Տիգրան Ուրիխանյան. ԵՄ-ն Եվրասիական միության ինտեգրացիոն նախագծին հակադրելն անիմաստ է

Ըստ GALLUP International Association-ի հարցման արդյունքների՝ հայաստանցիների 61 տոկոսը դրական է վերաբերվում Եվրասիական մաքսային միությանը հնարավոր անդամակցությանը:

168.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց, թե չի ցանկանում մեկնաբանել հարցման արդյունքները`GALLUP-ի անվան հետ անցյալում տեղի ունեցածի պատճառով, բայց նշեց, որ ՀՀ-ն բոլոր ուղղություններով, համապարփակ կերպով պետք է իր հարաբերությունները զարգացնի այն պետությունների հետ, որոնք ընդգրկված են Եվրասիական ինտեգրացիոն նախագծի շուրջ քննարկումների մեջ:

«Ես գտնվում եմ Հայաստանի Հանրապետության մեջ, մարդկանց կիզակետում, հստակ իմ պատկերացումներն ունեմ ու սոցիալոգիական հարցումների կարիքը չունեմ: Եվրասիական միությունը ես դիտարկում եմ՝ որպես Եվրասիական ինտեգրացիոն նախագիծ: Մեր մասնակցությունն այս նախագծում կարևորվում է դրանում ընդգրկված համարյա բոլոր պետությունների հետ համագործակցության շրջանակներում: Նրանց հետ մենք ունենք հարաբերություններ, ունենք բազմաթիվ կարևորագույն պայմանագրերի և միջպետական կառույցների շրջանակներում մեր անդամակցության հանդեպ գործակցություն, ռազմավարական հարաբերություններ, բարեկամություն, և գտնում ենք, որ սրանք անհրաժեշտ է էլ ավելի խորացնել ու ամրապնդել:

Իսկ եթե ստեղծվելու է նոր միջպետական, միջազգային միավորում, ապա դրան մասնակցել-չմասնակցելը կարելի է քննարկել միայն Հայաստանի պետական ու ժողովրդական շահի տեսանկյունից»,- ասաց Տիգրան Ուրիխանյանն` ավելացնելով, որ, եթե այս երկու շահերն առկա են, կա հեռանկար, ապա կարելի է քննարկել այս հարցը:

«Այո, մենք հետապնդում ենք նախագծի քննարկմանը մասնակցող երկրների հետ գործակցային, ընկերական, բարեկամական, ռազմավարական հարաբերությունների ամրապնդման խնդիրը: Բայց ինչ վերաբերում է որևէ միջպետական միավորմանը, դրա մասին խոսելը կրում է հետևյալ միտքը` այն չի կարող լինել մեկ այլ պետության հետ հարաբերությունների հաշվին»,- ընդգծեց նա:

Ըստ Տ. Ուրիխանյանի` ցանկացած միջազգային, միջպետական միավորման մասնակցությունը չպետք է լինի ի հաշիվ այլ` միջպետական, միջազգային կառույցներին մասնակցելու: «Այնքանով, որքանով ես հանդիսացել եմ հայաստանյան կողմի պատվիրակներից մեկը Եվրասիական քննարկումներում, կարող եմ ասել, որ դրանք կառուցողական են ու հիմնված են փոխադարձ շահերի համադրելիության հեռանկարի վրա: Առաջարկն այս շրջանակներում է»,- նշեց նա:

ԲՀԿ խոսնակի կարծիքով՝ հակադրել ԵՄ-ն Եվրասիական միության ինտեգրացիոն նախագծին՝ «անիմաստ է», քանի որ չկա որևէ հակադիր բևեռ, իրար խանգարող հանգամանք:

Տեսանյութեր

Լրահոս