
Ոստիկանները ծեծի ենթարկեցին հարսանիքի հյուրերին (տեսանյութ)

Ոստիկանները ծեծի են ենթարկել երկու հոգու հարսանյաց արարողության ժամանակ: Այս մասին հայտնում է ռուսական «Life News» լրատվական կայքը: Դեպքը տեղի է ունեցել այս շաբաթ Ռուսաստանի Դաշնության Խակասիա հանրապետությունում (հարավային Սիբիր), Սայանոգորսկ քաղաքի «Պիրամիդա» ակումբ-ռեստորանում:
Հարսանիքի ամենաթեժ պահին` ուշ գիշերը, երկու հյուրերի` բժիշկ Եվգենիյ Յակիմովի և ոստիկանության աշխատակից Պավել Կույդինի միջև վեճ է ծագել: Արդյունքում լեզվկռիվը վերածվել է ծեծկռտուքի, որին միջամտել են հարսանիքի մյուս հյուրերը` նույնպես իրավապահ մարմնի աշխատակիցներ: Ըստ ականատեսների` վիճաբանության պատճառ է հանդիսացել ընդամենը այն, որ բժիշկը, անցնելով ոստիկանի կողքով, պատահմամբ հպվել է նրա ուսին:
Ինչպես նշում է «Life News»-ը, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող կռվի մասնակիցներին չեն կարողացել հանդարտեցնել ո´չ ակումբի անվտանգության աշխատակիցները, ո´չ էլ հյուրերը:
Թե ինչ եղավ արդյունքում, դիտեք «Life News»-ի տեսանյութում:
Ավելացնենք, որ ծեծկռտուքի ժամանակ ոստիկանները մարմնական վնասվածքներ են հասցրել հակառակ կողմի ներկայացուցիչներից մեկին: Իսկ ՌԴ Ներքին գործերի նախարարության Խակասիայի ոստիկանության վարչությունում դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, և քննվում է տվյալ միջադեպում ոստիկանության աշխատակիցների վարքագիծը: