Կարո Եղնուկյանը՝ Վարդան Սեդրակյանի մասին. Եթե վարձկան է, պետք է նայենք՝ դրամի աղբյուրը որտեղի՞ց է
«Այն, որ վերքը կա, և Հայրիկյանին վիրահատել են՝ հանրային փաստ է: Դատաբժիշկը տվել է համապատասխան եզրակացություն վերքի, մնացած գործառույթների մասին: Այն ժամանակ, երբ եզրակացությունն է արվել, նա վիրակապով էր եղել, ու դատաբժիշկը չէր կարող վիրակապը քանդել, մարմնական ցավ պատճառել ու տեսնել՝ վերքը կա՞, թե՞ ոչ»,- լրագրողներ հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարած մահափորձի գործով փաստաբան Լևոն Բարսեղյանը:
Ասուլիսին ներկա Պ. Հայրիկյանի մտերիմ ընկեր Կարո Եղնուկյանն էլ, հարցին՝ դատական պրոցեսի ընթացքում Ձեր տեսակետը, որ Վարդան Սեդրակյանը շղթայի միայն երկրորդ օղակն է, փոփոխության ենթարկվե՞լ է, թե՞ ոչ, պատասխանեց. «Ավելի եմ ամրապնդվում, որ Սեդրակյանը երկրորդ օղակն է, և ես տեսնում եմ միտումնավոր փորձ՝ այդ օղակը փակելու: Այնպես է ստացվում, որ Խաչատուր Պողոսյանն ասում է՝ ես կրակել եմ, երբ հարցնում ես՝ ինչո՞ւ, պատասխանում է, թե չգիտի՝ ընկերն է ասել՝ կրակի: Սամվելին հարցնում ես՝ ինչո՞ւ ես ասել, որ Խաչատուրը կրակի՝ ասում է, թե չի ասել նման բան: Հետևաբար՝ օղակը փակվում է, ու օղակից հանում են Սեդրակյանին, ասում են՝ գործ չունի: Բայց մի մոռացեք, որ ինը անգամ ցուցմունք է եղել, ու դետալներով պատմել են՝ Սեդրակյանին որտեղ են հանդիպել, ինչ են խոսացել: Հիմա այս ամենը, ի՞նչ է, պետք է գցենք դեն ու հավատանք մեկ նախադասության, որ Սեդրակյանն այս ամենի հետ գործ չունի՞»:
Դիտարկմանը, թե գուցե պլանավորված է եղել սկզբնական ժամանակ այդպես պատասխանել, Կարո Եղնուկյանը պատասխանեց. «Բայց միաժամանակ նա ասում է, որ հակասություն կա Պողոսյանի խոսքերում: Այն ձեռքը, որը ձեզ կերակրել է, ներքաշում եք գործի մեջ, որ ինքն էլ նստի բա՞նտ: Այստեղ լոգիկայի պակասություն կա»:
Ինչ վերաբերում է նրան, որ երկրորդ վերքի անցքը Հայրիկյանի հագուստի վրայից բացակայում է, նա նշեց. «Իսկ ձեզ տարօրինակ չի՞ թվում, որ Սիրունյանի գրասենյակը հայտարարություն է անում ու խոսում է միայն երկրորդ գնդակի մասին, բայց տեսնում է առաջինը: Նա չի ասում, որ երկրորդ գնդակի հետքը չկա: Երբ մեկը փաստերին տեղյակ է, պարտավոր է ներկայացնել փաստերը, բայց միտումնավոր դրանք չի ներկայացնում, հավասար է ստելուն: Երբևիցե չի հայտարարվել, որ երկրորդ փամփուշտը մտել է մարմինը: Ինչո՞ւ են կենտրոնանում դրա վրա: Չկա երկրորդ փամփուշտի հետքը, հետո՞: Ո՞վ է ասել, որ հետք պետք է լիներ: Եկեք ստեղծագործենք, ասենք՝ երրորդն էլ է եղել, հետո՞»:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Վարդան Սեդրակյանը 100 հազար դոլարի չափով գումար է ստացել, լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ առնչություն կարող է սա ունենալ գործի հետ: Ի պատասխան՝ Կարո Եղնուկյանն ասաց. «Սեդրակյանը կարող էր լինել վարձու օղակ: Ես ասել եմ, որ Սեդրակյանը երեք տարվա ընթացքում երեք մլն գումար է խաղացել, գումար է ստացել 100 հազար դոլարի չափով՝ նախկին ԱԱԾ աշխատակցից՝ ազգությամբ հայ Ռուսաստանի քաղաքացուց: Մենք ասում ենք, որ երբ չկա կենցաղային, քաղաքական պատճառ, ապա Սեդրակյանը վարձկան է, եթե ինքն է: Եթե վարձկան է, պետք է նայենք՝ դրամի աղբյուրը որտեղի՞ց է: Ահաբեկչության դեմ պայքարելու ժամանակ ամբողջ աշխարհում դրամի շարժն են նայում: Եկեք նայենք՝ որտեղի՞ց է այդ գումարը նա ստացել»: