«Ճիշտ կլինի` Ալիևներն ազնիվ լինեն իրենց ժողովրդի հետ և անցնեն միապետական կարգի». մամուլ
«Հրապարակ» օրաթեթը գրում է. «Երեկ զանգահարեցինք Արմեն Աշոտյանին` ճշտելու, թե ինչպես է վերաբերվում Մեհրիբան Ալիևայի` նախագահի թեկնածու առաջադրվելու փաստին, որովհետև ժամանակին «բուռն» էր արձագանքել տիկնոջ` «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ դառնալու հանգամանքին և հռետորական հարց էր ուղղել` «ՀՀԿ փոխնախագահներից ո՞ր մեկիս բախտ կվիճակվի նույն սեղանի շուրջ նստել Մեհրիբանի հետ»:
Պարզվեց՝ Աշոտյանը Հորդանանում է` կրթական ծրագրերով: Հարցրինք` հո շատ չի՞ տխրում, որ իրեն չհաջողվեց Մեհրիբանի հետ նույն սեղանի շուրջ նստել: «Շտապել պետք չէ, Ալիևան դեռ չի առաջադրվել, և «Ենի Ազերբայջանը»` իշխող կուսակցությունն այդ առնչությամբ դեռ որևէ բան չի ասել. թեկնածությունն առաջադրել է բուտաֆորային ինչ-որ կուսակցություն` ընդամենը հասարակական ռեակցիան ստուգելու համար:
Իսկ ընդհանրապես, ճիշտ կլինի` Ալիևներն ազնիվ լինեն իրենց ժողովրդի հետ, և այս կարգի մանիպուլյացիաների փոխարեն փոխեն իրենց երկրի սահմանադրությունը և անցնեն միապետական կարգի, որովհետև, եթե հորից որդուն իշխանության անցման «ժողովրդավարական» կարգը մի կերպ կարելի է «հասկանալ», ապա ամուսնուց կնոջն անցմանը ժառանգական մեխանիզմն ուղղակի նոնսենս է»»: