
Հովիկ Աբրահամյանի դեմ. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հատուկ քննչական ծառայությունում անցյալ ուրբաթ քրեական գործեր են հարուցվել չորս մարզպետարաններում պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ:
Չորս քրգործերը հարուցվել են հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններում հայտնաբերված խախտումների առթիվ:
Սույն գործընթացն ուշագրավ է՝ դեռ անցյալ շաբաթ ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանի հայտարարության ֆոնին: Վերջինս նշել էր, թե Արարատի մարզի Մխչյան գյուղին տրամադրված 70 հազար լիտր սուբսիդավորված դիզվառելիքի 48 հազար լիտրը ստացել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանը և նրա որդին՝ Հովհաննես Աբրահամյանը:
Սույն բացահայտումներն էլ իրենց հերթին ուշագրավ են իշխանական կուլիսներում տարածվող այն տեղեկությունների ֆոնին, թե աշնանը ԱԺ նախագահը հրաժարական է տալու»: