Իրանական ժապավենը՝ Երևանում (տեսանյութ)
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագիրը դժվար է պատկերացնել առանց իրանական ֆիլմերի: Հատկանշական է այն, որ վերջին տարիներին իրանական կինոյի բուռն զարգացմանը զուգահեռ՝ այն մեծ հաջողություն է ունենում նաև Հայաստանում: Թերևս դրա վառ ապացույցը իրանցի ռեժիսոր Ասգար Ֆարհադիի «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը» ժապավենն էր, որը 2011 թվականին «Ոսկե ծիրանի» հաղթող դարձավ:
Այս տարի երևանյան կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում ներկայացված է մեկ իրանական ժապավեն՝ Մաջիդ Բարզեգարի «Փարվիզ» դրաման: 40-ամյա Բարզեգարը հիմնականում կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի հեղինակ է: Սակայն նրա առաջին լիամետրաժ ժապավենը՝ «Անձրևոտ սեզոն», որն էկրան է բարձրացել 2010 թվականին, ցուցադրվել է Ռոտերդամի և Մոնրեալի կինոփառատոններում:
«Փարվիզը» պատմում է 50-ամյա Փարվիզի մասին, ով դեռևս ապրում է հոր հետ, և երկու տղամարդիկ լեզու չեն գտնում: Այդ իրավիճակը հասնում է բարձրակետին, երբ հայրը որդուն հայտնում է, որ մտադիր է նորից ամուսնանալ: Փարվիզն ուրիշ ելք չունի, քան իր տեղը զիջել խորթ մորը և հեռանալ տնից: Իսկ նրա համար դժվար է ապրել նոր՝ միայնակ կյանքով, հարևաններից և իր ճանաչած մարդկանցից հեռու: Ուստի նա գտնում է իր հանդեպ գործված անարդարության դեմ պայքարելու յուրօրինակ ուղի:
Ֆիլմը Ժյուրիի հատուկ հիշատակության է արժանացել Սան Սեբաստիանի կինոփառատոնում և մրցանակ է ստացել նաև Հռոմի AsiaticaFilmMediale փառատոնում:
Հուլիսի 7-ից 14-ը կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում «Փարվիզը» կհայտնվի երևանյան կինոէկրաններին: