
Թուրքիայում «Գեզի» այգուն առնչվող բողոքի ակցիաներին մասնակցել է 2.5 միլիոն մարդ. ՆԳՆ

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳՆ-ը տվյալներ է ներկայացրել մայիսի 31-ին Թուրքիայում մեկնարկած բողոքի ակցիաների մասին: Դրանց համաձայն, Թուրքիայի ողջ տարածքում բողոքի ակցիաներին է մասնակցել մոտ 2.5 միլիոն մարդ:
Միայն երկու նահանգում (Բայբուրթ և Բինգյոլ) չեն գրանցվել ցույցեր, մնացյալ 79-ում անցկացվել են բողոքի խոշոր ակցիաներ: Դրանց ճնշող մասը կազմակերպվել են Ստամբուլում ու Անկարայում:
Ձերբակալվել է մոտ 4900 ցուցարար, վիրավորվել է 4000 մարդ, այդ թվում նաև 600 ոստիկան: Բախումների քանակի անկումից հետո յուրաքանչյուր օր իրենց քաղաքների կենտրոններում լուռ բողոքի ակցիաներ է անցկացրել 50 մարդ:
Բողոքի ակցիաների ժամանակ վնասվել է 58 հասարակական շենք և 337 մասնավոր ձեռնարկություն: Անպիտան է դարձել 240 ոստիկանական մեքենա, 214 մարդատար ավտոմեքենա, 90 ավտոբուս և 45 շտապօգնության մեքենա: Կոտրվել է մոտ 68 քաղաքային տեսախցիկ: