
Վանո Մերաբիշվիլին ներողություն է խնդրել հաստատվելու դեպքում ոստիկանության կիրառած կտտանքների համար

Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար և նախկին վարչապետ, «Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին, ով գտնվում է նախնական կալանքի տակ, հասարակությունից ներողություն է խնդրել ոստիկանության կողմից կիրառված կտտանքների, բռնությունների ու անմարդկային վերաբերմունքի համար, որոնք արտացոլված են թաքստոցներում հայտնաբերված տեսանյութերում:
Մերաբիշվիլիի այս հայտարարությունը տարածվել է Facebook սոցցանցի միջոցով. «Ցայսօր ես մտածում էի, որ կյանքիս մնացյալ ընթացքում հպարտանալու եմ ՆԳՆ-ում իրականացրած բարեփոխումներով, նրանով, որ իմ ընկերների ու հազարավոր ոստիկանների հետ միասին տարածաշրջանի ամենակոռումպացված և քիչ հանրահայտ ոստիկանությանը վերածեցի ամենահանրահայտ և ոչ կոռումպացված ոստիկանության:
Մեր բարեփոխումն օրինակ ծառայեց շատ երկրների համար: Եթե հաստատվի վերջերս տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ոստիկանները մասնակցել են մարդկանց կտտանքների ենթարկելուն, ապա դա կասկածի տակ կդնի իմ հաջողությունը: Երբ ես էի գլխավորում ՆԳՆ-ը, երկրում չպետք է գրանցվեին նման բաներ»: