
Հոկտեմբերյան ընտրությունները Վրաստանի համար կդառնան ժողովրդավարական հերթական թեստ. ԵԽԽՎ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ը հրաժարվել է քննարկել Վրաստանում տիրող իրավիճակի վատթարացման հարցը: Նման որոշում ԵԽԽՎ-ում ընդունվել է 58 «կողմ» և 73 «դեմ» ձայների համամասնությամբ:
Վրաստանի խորհրդարանական փոքրամասնության՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները պնդում էին տվյալ խնդրի շուրջ, քանի որ կարծում են, որ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ իրավիճակը լարված է և բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ չեն ստեղծվել դրան մասնակցելու համար:
Սակայն ԵԽԽՎ-ը հրաժարվել է բանավեճեր անցկացնել «Վրաստանում իրավիճակի վատթարացման մասին» թեմայով՝ այն փոխարինելով «Վրաստանում իրավիճակի» մասին ձևակերպմամբ:
ԵԽԽՎ նստաշրջանում ունեցած ելույթում ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը հայտարարել է, որ Եվրոպայի Խորհուրդը չի պատրաստվում պարզել, թե Վրաստանում ով է մեղավոր, իսկ ով՝ ոչ: Մինյոնի խոսքերով՝ հոկտեմբերյան ընտրությունները Վրաստանի համար կհանդիսանան ժողովրդավարության հերթական թեստ:
Նա հիշեցրել է, որ անձամբ գտնվել է Թբիլիսիում և կառավարությանը կոչ է արել այդ ընտրություններն անցկացնել թափանցիկ ձևով: