Կգրանցվի «Հայկական գինի» բրենդը
Հաջորդ շաբաթ կգրանցվի «Հայկական գինի» բրենդը, կստեղծվի նաև իրավաբանական անձանց միություն: Այս մասին 168.am-ին հայտնեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
«2013 թ. և հետագա տարիների պետական բյուջեով բավականին ֆինանսավորում է հատկացվելու, որպեսզի սկսվի «Հայկական գինի» բրենդի գրանցումը և հետագա առաջխաղացումը»,- ասաց Ա. Հարությունյանը՝ հրաժարվելով առայժմ հրապարակել ֆինանսավորման չափը:
Նրա խոսքով՝ գումարը նախատեսված է Գինեգործության զարգացման ռազմավարության շրջանակներում, և այն բավարար է, որ առաջիկայում ՀՀ գինի արտադրողները մասնակցեն 4 խոշոր ցուցահանդեսների, որոնցից առաջինը նոյեմբերին Շանհայում է կայանալու: Պետություն-մասնավոր համաֆինանսավորմամբ դրան կմասնակցեն 8 ընկերություններ: Նաև նախատեսվում է Հայաստանի համար կարևոր շուկաներում՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում, Չինաստանում և ԱՄՆ-ում հայկական գինու օրեր կազմակերպել, սկսել հայկական գինու պորտալի ստեղծում:
«Այս նոր իրադրությունում շատ բան կփոխվի, ընդհանուր ապրանքանիշ կլինի, որի տակ կգործեն արտադրող գործարանները, կվերանա նախանձը: Ոլորտը կլինի պետական հովանու ներքո: Հույս ունենք, որ արդար կլինի»,- ասաց միության նախագահը:
Նշենք, որ Հայաստանում գրանցված են գինի և կոնյակ արտադրող 57 ընկերություններ, որոնցից 10-ը, սակայն, գինու արտադրությամբ չեն զբաղվում: