Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի իրավունքների շուրջ կրքերը թեժանում են

Անդրադառնալով մամուլում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր» ակումբի խաղացող Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքներին վերաբերող հրապարակումներին՝ այսօր Դոնեցկի  «Մետալուրգ» ակումբի համասեփականատեր Օլեգ Մկրտչյանը  «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդել է, որ Հ. Մխիթարյանի տրանսֆերի իրավունքների 50 տոկոսը պատկանում է իրեն:

«Ինձ զարմացնում է մամուլում տարածված այն տեղեկատվությունը՝ իբր Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքների մի մասը պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Այն դեպքում, երբ դրանց 50 տոկոսը պատկանում է Դոնեցկի  «Շախտյորին», իսկ 50 տոկոսը՝ ինձ»,- ասել է Օլեգ Մկրտչյանը:

Նրա խոսքով, այդ իրավունքներն ամրագրված են համապատասխան փաստաթղթերով, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են հրապարակվել:

«Ոչ մի լրատվամիջոց, այդ թվում՝ ռուսական և անգլիական, չի կարող խեղաթյուրել փաստերը, քանի որ դա կարող է հանգեցնել որոշակի հետևանքների», -ասել է Օլեգ Մկրտչյանը:

Սակայն, հիշեցնենք, որ երեկ անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերին և դրա իրավունքներին՝ բլոգոսֆերայի և սոցիալական ցանցերի 25 ներկայացուցիչների հետ  հանդիպման ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասել էր, թե Մխիթարյանի տրանսֆերի 50 տոկոսը տնօրինում է «Շախտյորը», 25 տոկոսը պատկանում է Դոնեցկի «Մետալուրգին», 25 տոկոսն էլ բաժին է հասել «Փյունիկին», քանի որ ժամանակին Մխիթարյանը Հայաստանից հեռացել է առանց փոխհատուցման:

Այս իրարամերժ հայտարարություններին զուգահեռ՝ երեկ անգլիական The Mirror լրատվամիջոցին Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի կապակցությամբ մեկնաբանություն է տվել անգլիական «Լիվերպուլ» ակումբի մամուլի քարտուղարը: «Ակումբում ֆուտբոլիստի բուժզննման պլաններ չկան»,- ասել է նա՝ ըստ էության, կասկածի տակ դնելով Մխիթարյանի՝  «Լիվերպուլ» տեղափոխվելու հանգամանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս