Հայրապետյանն ասել է` ում է իրականում պատկանում Մխիթարյանի տրանսֆերը
Ինչպես նախապես տեղեկացվել էր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն օրեր առաջ հրապարակային առաջարկ էր արել հայաստանյան բլոգոսֆերայի և սոցիալական ցանցերի ներկայացուցիչներին՝ հանդիպել և ազատ շփման ձևաչափով քննարկել հայկական ֆուտբոլին, Հայաստանի ազգային հավաքականին և ընդհանրապես ֆուտբոլային տիրույթին վերաբերվող ցանկացած հարց:
ՀՖՖ նախագահը բազմիցս կարևորել էր այն հանգամանքը, որ հարկավոր է դուրս գալ վիրտուալ տարածքից, վիրտուալ ֆուտբոլասիրությունից և խնդիրներին նայել ավելի խորքից, ավելի տեղեկացված լինելով, որպեսզի հարցադրումները լինեն փաստարկված և լուծումները նպաստեն հայկական ֆուտբոլի զարգացմանը:
Թեև ՀՖՖ գրասենյակում սպասում էին շատ ավելի մեծ թվով մարդկանց, բայց հանդիպումը կայացավ բլոգոսֆերայի և սոցիալական ցանցերի 25 ներկայացուցիչների հետ և տևել է մոտ 3,5 ժամ:
Տեղի է ունեցել հանգամանալից, հետաքրքիր զրույց հայկական ֆուտբոլի խնդիրների շուրջ:
Գրեթե բոլոր այն հարցադրումները, որ քննարկվում են վիրտուալ հարթակում՝ բլոգոսֆերայում, հանրահայտ ֆուտբոլային ֆորումներում, սոցիալական ցանցերում, արծարծվել են հանդիպման ժամանակ:
ՀՖՖ նախագահը պատասխանել է բոլոր հարցերին, տեղի ունեցավ հանգամանալից քննարկում: Առաջարկներ ներկայացվեցին նաև հանդիպման մասնակիցների կողմից, որոնք նույնպես բազմակողմանիորեն քննարկվեցին:
Անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերին և նրա իրավունքներին՝ Ռ. Հայրապետյանն ասել է, որ Մխիթարյանի տրանսֆերի 50 տոկոսը տնօրինում է «Շախտյորը», 25 տոկոսը պատկանում է Դոնեցկի «Մետալուրգին», 25 տոկոս էլ բաժին է հասել «Փյունիկին», քանի որ ժամանակին Մխիթարյանը Հայաստանից հեռացել է առանց փոխհատուցման:
ՀՖՖ նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են քննարկմանը և նշել, որ այսպիսի հանդիպումներն ավելի հաճախակի կլինեն: