Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն և Լեհաստանն աջակցում են, իսկ Ռուսաստանը՝ ոչ
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնին սովորաբար աջակցում են նաև ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունները: Այս տարի փառատոնի ծրագրի որոշ մասը կիրականացվի ՀՀ-ում ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի դեսպանությունների աջակցությամբ:
Ամենամեծ համագործակցությունը, թերևս, Ֆրանսիայի դեսպանատան հետ է: «Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնին ներկա կգտնվի Շառլ Ազնավուրը, իսկ նրա դերակատարմամբ երեք ֆիլմ՝ Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա», Դընի դը լա Պատելյիեի «Թոբրուկ գնացող տաքսին» և Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմերը ներկայացված են հետահայաց ցուցադրություններ ծրագրում: Ընդ որում «Կրակել դաշնակահարի վրա» ժապավենը հուլիսի 7-ին կբացի փառատոնը:
«Ոսկե ծիրան»-ին ներկա կգտնվեն ֆրանսիացի այլ հայտնի կինոգործիչներ: Մասնավորապես, որպես ժյուրիի անդամ ներկա կլինեն ֆրանսահայ ճանաչված կինոգործիչ Սերժ Ավետիքյանը (միջազգային խաղարկային մրցույթ), ֆրանսիացի կինոքննադատ Ժան Ռադվանին (Հայկական համայնապատկեր մրցույթ) և պրոդյուսեր Էդիտա Յանչակ-Հիրիարտը (կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ): Ֆրանսիական արտադրության «Երկու հոգու միջև» վավերագրականը կներկայացնի ֆիլմի հեղինակը` Լորանս Պերիգոն: Մրցութային ծրագրում ընդգրկված են նաև ֆրանսիական համատեղ արտադրությամբ ստեղծված «Տարվա հինգերորդ եղանակը» խաղարկայինը, «Լևիաթան» վավերագրականը, «Փետուրի խրոնիկա» կարճամետրաժը, որը կներկայացնի ռեժիսորը` Աքսել Լաթնադան, իսկ ֆրանսահայ ռեժիսորներ Առնո Խայաջանյանի «Կորած հորիզոնները» և Արտո Փեհլիվանյանի «Վ…, այսինքն` Վեռնյոյ» ֆիլմերը կներկայացվեն Հայկական համայնապատկերում: Արտամրցութային ծրագրի Հետահայաց ցուցադրություններ բաժնում կներկայացվի Ուլրիխ Զայդլի՝ ֆրանսիական համատեղ արտադրությամբ ստեղծված եռապատումը:
Լեհաստանի դեսպանության և Լեհաստանի կինոինստիտուտի հետ համատեղ համագործակցությամբ հուլիսի 8-ին կիրականացվի լեհական կինոյի օրը: Կցուցադրվի Անտոնի Կրաուզեի «Սև հինգշաբթի» խաղարկայինը: Մաչեյ Ադամեկը կմասնակցի փառատոնին և կներկայացնի իր «Լուսանկարը» ֆիլմը, որ ընդգրկված է միջազգային խաղարկային ծրագրում: Կորդիան Կոնջելյայի «Թո´ւհ» (Boo!), Կրիստոֆեր Ռուֆի «The Big Leap» և Լուկաշ Օստալսկու «Մայրը» կարճամետրաժները կմրցեն «Կորիզ» անվանակարգում: Լեհական համագործակցության շրջանակներում փառատոնին կհյուրընկալվի հռչակավոր կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին:
Գերմանիայի դեսպանության և Թբիլիսիի Գյոթե ինստիտուտի հետ համագործակցությամբ փառատոնի ծրագրում` հուլիսի 9-ին, տեղի կունենա գերմանական կինոյի օր, որը կնշանավորվի Մարգարետ ֆոն Տրոտտայի «Հաննա Արենդտ» (Hannah Arendt) ֆիլմի ցուցադրությամբ և ֆոն Տրոտտային` համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնումով: «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում կներկայացվեն Միկի Նեդիմովիչի «Dva», Էրիկ Շմիդթի «Rhino Full Throttle», Էլմար Իմանովի «The Swing of the Coffin Maker» գերմանական արտադրության և Էնգին Կունդակի «Արարատ» թուրք-գերմանական ու Էլկա Պապիաշվիլու «Աղջիկը Գորիից» գերմանա-վրացական համատեղ արտադրությունները:
ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության արդյունքում է, որ հնարավոր է դարձել ամերիկացի հռչակավոր կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոյի հյուրընկալությունը փառատոնին, ով նաև համաձայնել է վարպետության դաս անցկացնել Երևանում:
Ի դեպ, ԱՄՆ դեսպանությունը մասնակիորեն ֆինանսավորել է նաև Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի (ՀՊՖՆ) իրականացումը: ՀՊՖՆ-ը հիմնադրվել է 2009թ. «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և թուրքական «Անադոլու Քյուլթուր» (Anadolu Kultur) կազմակերպության համատեղ ջանքերով: ՀՊՖՆ-ը միտված է Հայաստանի և Թուրքիայի միջև համատեղ ֆիլմերի ստեղծման խթանմանը: ՀՊՖՆ-ի շրջանակներում ստեղծվել է 11 ֆիլմ` կարճամետրաժ և վավերագրական, տեղի է ունեցել ավելի քան 100 փոխադարձ այց, թողարկվել է հայ և թուրք երիտասարդ կինոգործիչների կողմից ստեղծված 5 կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի ժողովածու-սկավառակ: Հարկ է նշել նաև, որ նախագծի կարևորությունն էականորեն ընդգծվեց անցյալ տարի, երբ ԱՄՆ Սենատոր Ռիչարդ Դուրբինը տարածաշրջանային այցից հետո Սենատում կատարված իր հաշվետվությունում խոսեց ՀՊՖՆ-ի նախաձեռնությունների` միջսահմանային հարաբերություններում ունեցած դերի և կարևորության մասին:
ԱՄՆ կինոգործիչներ Ջեյ Վայսբերգը և Դեյվիդ դ՚Արսին կընդգրկվեն համապատասխանաբար միջազգային խաղարկային և Հայկական համայնապատկեր մրցույթների ժյուրիի կազմերում: Մրցութային ծրագրի համապատասխան բաժիններում կներկայացվեն Սթիվ Հուվերի «Արյունակից եղբայրը» վավերագրականը, Լիսան Սարտորի «Six Letter Word» կարճամետրաժը և Ալեքսանդր Տավիտիան-Միրեցկու «All Together Now» խաղարկայինը` բոլորն ամերիկյան արտադրության:
Հետաքրքիր է այն փաստը, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի դեսպանությունը չի ցանկացել համագործակցել «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հետ: