«Նարինե կաթնաթթվային մթերք» և «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրատեսակները ճանաչվել են վտանգավոր
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մայիսի 30-ի թիվ 308-Ա հրամանով իրականացված ստուգման ընթացքում «Պանացեա» ՍՊԸ-ի արտադրության «Նարինե կաթնաթթվային մթերք» և «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրանքներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:
Համաձայն 2013 թվականի հունիսի 14-ի կրկնակի փորձարկման արձանագրության՝ «Պանացեա» ՍՊԸ-ի արտադրության «Նարինե կաթնաթթվային մթերք» (ԱՑԽՄ մանրէաբանական ցուցանիշով) և «Նարինե բակտերիալ խտանյութ» (ԱՑԽՄ, խմորասնկեր և բորբոսասնկեր մանրէաբանական ցուցանիշներով) արտադրանքները չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1925-Ն որոշման պահանջներին:
Նկատի ունենալով, որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով «Պանացեա» ՍՊԸ-ի արտադրության «Նարինե կաթնաթթվային մթերք» և «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրանքները ճանաչվել են վտանգավոր, ուստի Ծառայության պետի 2013թ. հունիսի 21-ի հրամանով արգելվել է «Պանացեա» ՍՊԸ-ի կողմից «Նարինե կաթնաթթվային մթերք» և «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրատեսակների արտադրությունը: «Պանացեա» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է համապատասխան հանձնարարական՝ վերացնելու արտադրամասում հայտնաբերված խախտումները:
Նշված ընկերությունում Ծառայության կողմից ուսումնասիրությունների կատարումն սկսվել է քաղաքացուց ստացված բողոքի հիման վրա: