Չհայտարարագրված ոսկեղեն ներկրելու փորձի համար Վրաստանում տուգանվել են ՀՀ քաղաքացիներ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայկությունն այսօր հայտնել է, որ Հայաստանի երկու քաղաքացի տուգանվել են երկիր ապօրինի ճանապարհով ոսկյա զարդեր ներկրելու փորձի համար:
Միջադեպը գրանցվել է երեկ, «Սադախլո» սահմանային անցակետում (հայ-վրացական սահման): Այստեղ Հայաստանի քաղաքացի Բ. Ա.-ի բեռան ստուգման ժամանակ հայտնաբերվել է չհայտարարագրված ոսկեղեն, այդ թվում նաև 238 փոքր ադամանդ:
Բ. Ա.-ն տուգանվել է 1000 լարիով (մոտ 600 դոլար)՝ մոտ 2400 լարիի (մոտ 1500 դոլար) չհայտարարագրած ոսկեղեն ներկրելու փորձի համար: Հայաստանի երկրորդ քաղաքացու ձերբակալումն իրականացվել է մի քանի ժամ անց:
Նույն օրը նույն անցակետում ստուգման է ենթարկվել Neoplan մակնիշի ավտոբուսով, որն ունեցել ՀՀ պետական համարանիշներ, երթևեկող Հայաստանի քաղաքացի Կ. Ա.-ն: Դրա արդյունքում հայտնաբերվել է չհայտարարագրված ապրանք՝ 2 ոսկե մատանի՝ ադամանդներով, ինչի ընդհանուր քաշը կազմել է 18.66 գրամ:
Եկամուտների ծառայության տվյալներով՝ այդ ապրանքը գնահատվել է 1200 լարի (մոտ 730 դոլար): Հայաստանի քաղաքացի Կ.Ա.-ն տուգանվել է 1000 լարիով (մոտ 600 դոլար):