Պուտինը ոչ միայն Ռուսաստանի, այլև միջազգային խնդիր է. Գարրի Կասպարով
The Daily Beast-ում հրապարակվել է աշխարհահռչակ շախմատիստ Գարի Կասպարովի հոդվածը, որում նա ընդգծում է, որ առայժմ չի պատրաստվում վերադառնալ պուտինյան Ռուսաստանի մռայլ իրականություն.
«Հունիսի սկզբին ես ժամանել էի Ժնև՝ ստանալու համար Մորիս Էբեմի անվան իրավապաշտպան մրցանակը: Ժնևում լրագրողներից մեկն ինձ ուղղեց մի հարց, որը ես լսել եմ հարյուր անգամ: Հարցն այն մասին էր, թե արդյոք ես վախենո՞ւմ եմ իմ անվտանգության ու ազատության համար պուտինյան Ռուսաստանում:
Ես էլ տվեցի իմ սովորական պատասխանը. կյանքում չի կարելի ընդհանրապես վստահ լինել որևէ բանում: Ես պատասխանեցի, որ եթե վերադառնամ Ռուսաստան, ապա ես լուրջ կասկածներ կունենամ, որ կկարողանամ նորից մեկնել արտասահման, քանի որ փետրվարին ակնհայտ դարձավ, որ ինձ էլ կառնչվեն քաղաքական բողոքների մասնակիցների հետապնդումները:
Ես ամփոփեցի, որ դեռ չեմ պատրաստվում վերադառնալ Ռուսաստան: Իմ հիմնական առաջադրանքը միջազգային հարաբերություններն են (խոսքը հիմնականում օտար կառավարությունների ու կազմակերպությունների մոտ լոբբիստական գործունեության ծավալման մասին է՝ միտված Պուտինի վարչակարգի ժամանակ մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի վատթարացման մասին բարձրաձայնելուն և Պուտինի կառավարության ու նրա ընկերների հանդեպ պատժամիջոցների սահմանելուն):
«Մագնիտսկու օրենքի» հանդեպ Պուտինի ցասումնալից արձագանքը վկայեց, որ դա ճիշտ ուղի է: Ռուսաստանի բնակիչներին ոչ միայն ահաբեկում են, այլև գնում են «նավթադոլարներով»: Իսկ դա նշանակում է, որ Պուտինին անհրաժեշտ է բարձր պահել նավթի գները: Եթե դա նշանակում է Սիրիայում քաղաքացիական պատերազմի հրահրում և Իրանի միջուկային առաջադրանքներին աջակցում, ապա ինչո՞ւ ոչ:
Բռնապետներն աջակցում են միմյանց: Պուտինը միջազգային խնդիր է, և ոչ թե միայն Ռուսաստանի խնդիրն է: Նա և նրա հանցախումբը նավթի հետ մեկտեղ արտահանում են կոռուպցիա, իսկ քարոզչության զանգվածային մեքենան՝ Russia Today-ը, լավ ֆինանսավորվում է Պուտինի անձնական պնդմամբ:
Երբ միավորվում են ավտորիտար վարչակարգերը, պետք է միավորվեն նաև մարդու իրավունքների համար պայքարողները: Պուտինի իշխանությանը վիթխարի հարված կլիներ «Մագնիտսկու եվրոպական ցուցակը», որը կսահմանափակեր Պուտինի վարչակազմի հանցագործների տեղաշարժը և կհետաքններ նրանց ակտիվները:
Ես աշխատում եմ այլակարծների ու ակտիվիստների միջազգային դաշինքի ձևավորման ուղղությամբ: 2012 թվականից ես Human Rights Foundation-ի (Նյու Յորք) նախագահն եմ: Իմ աշխատանքը շարունակվում է, ինչպես երբեք: Ես չեմ լքում Ռուսաստանը և չեմ դադարեցնում Պուտինին գահընկեց անելու և իմ հայրենիքում օրենքի գերակայությունը վերականգնելու համար պայքարը»: