Ժոզե Մանուել Բառոզուն և Իլհամ Ալիևը Բրյուսելում քննարկել են «Հարավային գազային միջանցքի» հարցը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բրյուսելում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ:

Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Բառոզուն հայտարարել է, որ Ադրբեջանը ԵՄ-ի համար կարևոր գործընկեր է, ինչը հատկապես վերաբերում է էներգետիկ ոլորտին:

Բառոզուն ընդգծել է, որ հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնել «Հարավային գազային միջանցք» նախագծի իրագործման հարցում ձեռք բերված առաջընթացի կապակցությամբ: Բառոզուն հայտարարել է, որ այդ նախագիծը ռազմավարական նշանակություն ունի թե՛ Եվրոպայի, թե՛ Ադրբեջանի համար:

Հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը հաստատել է, որ հաջորդ շաբաթ «Շահ Դենիզ» կոնսորցիումը վերջնական որոշում է ընդունելու սեփական գազը Եվրոպա հասցնելու երթուղիների հարցում:

Դրա հետ կապված՝ Բառոզուն հայտարարել է. «Ես կցանկանայի ընդգծել, որ և՛ Nabucco West-ը, և՛ TAP-ը, ռազմավարական նշանակություն ունեն մեր միասնական էներգետիկ շուկայի գազի մատակարարման դիվերսիֆիկացման համար:

Դրա համար էլ ես վստահ եմ, որ վերջին հաշվով երկու երթուղիներն էլ կարող են կառուցվել, երբ մենք հավելյալ ռեսուրսների հաշվին կընդլայնենք «Հարավային գազային միջանցքը»: Դա կլինի անպարտելի իրավիճակ:

Այսօր ամենակարևորն այն է, որ «Հարավային գազային միջանցքը» այլևս տեսական նախագիծ չէ: Մինչև 2019 թվականն այն Եվրոպա կհասցնի 10 միլիարդ խորանարդ մետր գազ, սակայն կանգ չենք առնի ձեռք բերածով:

Միջին հեռանկարում այդ միջանցքը կարող է ծածկել Եվրոպայի գազային կարիքների ավելի քան 10 տոկոսը, ինչը կնպաստի մեր էներգետիկ անվտանգությանը, գների կայունացմանը, աշխատատեղերի ստեղծվելուն»:

Տեսանյութեր

Լրահոս