Բաժիններ՝

Ոստիկաններն ի վիճակի չե՞ն բերման ենթարկել Ղուկասյաններին ու Հ. Սարգսյանի մորը. դատական նիստը բոյկոտել են

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Կարեն Եսայանի սպանության գործի քննությունը: Խոսքն այն երիտասարդի մասին է, ում սպանեցին իր նշանադրության օրը, և ով պատրաստվում էր ամուսնանալ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի հետ:

Նշենք, որ վկաների քննության փուլն արդեն ավարտվում է: Վերջին 5 վկաներին, ովքեր հրաժարվում էին ներկայանալ դատարան, դեռ մեկ շաբաթ առաջ կայացած դատական նիստում  որոշում էր կայացվել բերման ենթարկել՝ այդ թվում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, նրա դստերը և ամբաստանյալ Հարություն Սարգսյանի մորը: Սակայն, նշենք, որ արդեն տեւական ժամանակ այս վկաները ոչ միայն հրաժարվում են ներկայանալ դատարան, փաստորեն, հնարավոր չէ նաեւ նրանց բերման ենթարկելու որոշումը իրականացնել:

Անցած դատական նիստին հրապարակվեց տեղեկանք, համաձայն որի՝ Ղուկասյանները դատարան չեն ներկայացել հիվանդության պատճառով: Դատարանին նրանք ներկայացրել էին հիվանդությունը հաստատող բժշկական տեղեկանք Գյումրու «Ճերմակ» հիվանդանոցից:

Ամբաստանյալ Հարություն Սարգսյանի մայրը եւս դատարան չի ներկայանում առողջական խնդիրների պատճառով:

Այսօր դատարանը տուժող կողմի իրավահաջորդ՝ Կարեն Եսայանի մայր Անահիտ Իսկանդարյանի ներկայացուցչի միջնորդությունն է  որոշել բավարարել՝ այն է՝ հրապարակել դատարան չներկայացած վկաների՝ ամբաստանյալ Հարություն Սարգսյանի մոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասայանի եւ նրա դստեր՝ Մանյա Ղուկասյանի նախաքննական ցուցմունքները: Չնայած այն հանգամանքին, որ ամբաստանյալի ներկայացուցիչը առարկել է, այնուամենայնիվ, դատարանը որոշել է բավարարել նախաքննական ցուցմունքները հրապարակելու միջնորդությունը: Եւ երբ դատարանում սկսել են կարդալ վկաներից Հարություն Սարգսյանի մոր՝ նախաքննության մարմիններին տված ցուցմունքը, ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբանը՝ Հունան Բաբայանը, որոշել է բոյկոտել նիստը եւ դուրս է եկել դատարանի դահլիճից, իսկ ամբաստանյալ Հարություն Սարգսյանը դիմել է դատարանին եւ խնդրել՝ առանց փաստաբանի նիստ չկայացնել, դադարեցնել գործի քննությունը:

«Ինձ մեղադրում, ասում են, որ մարդ եմ սպանել խանդի հողի վրա, ա՛յ մարդ, հեռվից էլ այդ աղջկան չեմ տեսել, ինչո՞ւ չեն ուզում, որ գա դատարան»,-հայտարարել է Հարություն Սարգսյանը:

Դատական նիստը հետաձգվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս