Հարազատները պնդում են, որ Միքայելյանի անվան հիվանդանոցում 28-ամյա երիտասարդը բժիշկների մեղքով կնքեց իր մահկանացուն
Այս պահին ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատա-բժշկական գիտա-գործնական կենտրոնի մոտ են հավաքվել մոտ 150 ավելի քաղաքացիներ, ովքեր Գեղարքունիքի մարզի բնակիչներ են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հավաքվածները հաստատել են, որ եկել են այն բանի համար, որ այսօր՝ ժամեր առաջ, Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցից մահացած վիճակում նշված կենտրոն (դիահերձարան) են տեղափոխել 28-ամյա Մերուժան Ավետիսյանի դին, ով Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչ էր: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարազատները արդարացիորեն բարձրաձայնում են, որ կյանքում ոչ մի առողջական խնդիրներ չունեցող ու երբևիցե բժիշկների ձեռքը չընկած Մերուժանը ծնոտի պլաստիկ վիրահատման նպատակով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժական կենտրոն: Անհրաժեշտ բոլոր մուծումները կատարել են, որը անցնում է 1միլիոն 500 հազար դրամի սահմանը և սպասել են, որ բժիշկների ճիշտ աշխատանքի արդյունքում երիտասարդը օրեր անց դուրս կգրվի հիվանդանոցից: Բուժող բժիշկը եղել է Հայկ Ենոքյանը, ով անձամբ է վիրահատել Մերուժանին, որից հետո երիտասարդը գտնվել է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Հարազատները, այդ թվում նաև հայրը` Սիմակը, քույրը՝ Գեղեցիկը, քեռիները, տեսել են երիտասարդին, ու նա գոհ է եղել վիճակից, սակայն նա բժիշկներին ասել է, որ քթի անցքերում (շլանգները) կատետրը անհանգստացնում է իրեն, ու խնդրել է բժշիկներին տեղեկացնել, որ հանեն, սակայն այնտեղ հարազատներին բաժնի վարիչը պատասխանել է, որ նա պայքարում է մահվան դեմ, ու 1000 դրամը տվեք, մտե՛ք, տեսե՛ք: Երիտասարդն իր ձեռքով գրավոր խնդրել է բժիշկներին անջատել խողովակները, քանի որ չի կարողանում շնչել: Երբ արդեն Մերուժանը մահացել է, բժիշները վախեցել են հաշվեհարդարից ու մեծ թվով ոստիկաններ են կանչել հիվանդանոց, քանի որ տեղեկացել էին, որ հարազատները գալիս են հիվանդանոց: Այս պահին Հանրապետական դատա-բժշկական կենտրոնից պատասխանել են, որ դիահերձման պատասխանները կստանան 20 օրից: Ֆոտոլրագրողը փորձում է ճշտել՝ արդյոք փաստի առթիվ ոստիկանության տարածքային բաժնում տեղյակ են, թե՝ ոչ, և չի բացառվում, որ փաստի առթիվ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր պատրաստվեն, սակայն չկա երաշխիք, որ գործը չի կոծկվի ու բժիշկների ուսերին Գաբրիել հրեշտակի թիկնոցը չեն փռի, և բժիշկներն էլ կարդարանան, թե իրենք, հավատարիմ Հիպոկրատի երդմանը, պայքարել են Մերուժանի համար: Հարազատները ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնում էին նաև, որ 1 միլիոնից ավել գումարը վճարելուց հետո իրենք ստացել են միայն 291 հազար դրամի վճարման անդորագիր, իսկ մնացած գումարը բժիկների գրպաններում են, սակայն դա նրանց այդքան չի հետաքրքում, ինչքան այն, որ մեղավորները պետք է պատասխան տան, որպեսզի հետագայում մահեր չունենանք։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի