Զորամասում սեռական բնույթի հանցագործության համար դատախազը արդարացի պատիժ է պահանջում

Պաշտպանության բանակի դասակի հրամանատար, բարձրագույն զինվորական կրթությամբ, ՀՀ Շիրակի մարզի բնակիչ, 26-ամյա Թովմասյանին սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով: Այս մասին հաղորդում է Pastinfo.am կայքը:

Ըստ մեղադրանքի, հարկադրանքի զոհը ժամկետային զինծառայող է, ում նկատմամբ ամբաստանյալը մի քանի անգամ այդ թվում օրալ եղանակով սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել՝ նրա հետ նախկինում սեքսուալ գործողություններ կատարելու հանգամանքը զինծառայողների շրջանում հրապարակելու շանտաժի ազդեցության տակ:

Մինչև դատաքննությունը սկսվելն ամբաստանյալը միջնորդել էր դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Մեղադրական եզրակացությունը հաստատելիս մեղադրող Էրիկ Աղաբալյանն առարկել է արագացված կարգի դատաքննություն անցկացնելու դեմ, սակայն դատարանում չի առարկել եւ դատարանն էլ որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ, դռնփակ դատական նիստում քննության արդյունքում 2013թ. փետրվարի 8-ին կայացված դատավճռով գտել է, որ ամբաստանյալը զինծառայողին սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրել է՝ երեք դրվագով: Արարքների որակումն, ըստ դատարանի, ճիշտ է, որով էլ Ա.Թովմասյանը ենթակա է պատասխանատվության և պատժի: 3 դրվագն էլ տեղի է ունեցել 2012 թվականի մայիս-հունիս ամիսներին։ Հրամանատարը նախ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել ժամկետային զինծառայողի նկատմամբ, ապա այդ մասին հրապարակելու սպառնալիքով հարկադրել օրալ եղանակով սեռական գործողության։

Պատժաչափ նշանակելիս դատարանը հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ գործով տուժողը դատաքննության ընթացքում ցանկություն է հայտնել, որպեսզի ամբաստանյալի նկատմամբ մեղմ պատիժ նշանակվի:

Դատարանն այսպիսով Թովմասյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով՝ երեք դրվագով և դատապարտել յուրաքանչյուր դրվագով մեկական տարվա ազատազրկման, ապա հանցանքների համակցությամբ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով:

Պատժաչափից դժգոհ են երկու կողմերն էլ: Ամբաստանյալն ու իր պաշտպան Աշոտ Ապրեսյանը իրենց վերաքննիչ բողոքներում միջնորդում են փոփոխել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վերաբերյալ 08.02.2013թ. դատավճիռը և Ա.Թովմասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել կամ նշանակել տուգանք: Իսկ մեղադրող Է. Աղաբալյանը միջնորդում է մասնակիորեն բեկանել դատավճիռը և Ա.Թովմասյանի նկատմամբ նշանակված պատիժը փոփոխել և նշանակել արդարացի պատիժ` ազատազրկում 4 տարի ժամկետով:

Տեսանյութեր

Լրահոս