«ԲՀԿ-ական Տոնոյանը մեզ խաբեց ու փախավ». բողոքի ակցիա ՀՀ կառավարության շենքի դիմաց

Այս պահին շուրջ հարյուր քաղաքացիներ հավաքվել են գործադիրի շենքի դիմաց: Հավաքված բնակիչները մայրաքաղաքի Նար-Դոսի, Փափազյան և Դավիթաշեն թաղամասի բնակիչներն են, ովքեր պայմանագիր են կնքել ԲՀԿ-ական Աշոտ Տոնայանին պատկանող «Տոնուս» ընկերության հետ, իսկ վերջինս պարտավորվել է կառուցել նրանց համար բնակարաններ:

Ցուցարարները galatv.am-ի հետ զրույցում նշել են, որ ընկերությանը հարյուր տոկոսով վճարումներ կատարել են, սակայն յոթ տարի է՝ իրենց խնդիրը լուծում չի ստանում: «Մեզ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ խնդիրը իրենց իրավասությունից դուրս է, Կառավարությունն էլ ձեռքերը լվացել, կողքի է քաշվել»,- ասել են բնակիչները:

Նրանք հայտնել են, որ վերջերս տեղեկացել են, որ «Տոնուս» ընկերությունը սնանկ է ճանաչվել, և վերջինիս ամբողջ փաստաթղթերը գտնվում են Արցախ բանկում գրավի տակ: «Աշոտ Տոնոյանն էլ փախած է, իմացել ենք արտերկրում նոր բիզնես է դրել, երևի իրա ժողովրդին խաբեց, հիմա էլ գնացել է նրանց խաբի: Մենք պայքարելու ենք մինչև վերջ, թույլ չենք տալու, որ մեզ այլևս տանեն- բերեն»,- հայտարարել են բնակիչները:

Բողոքի ակցիայի մասնակիցների մեջ կան նաև քաղաքացիներ, որոնք ժամանել են արտերկրից: Նրանց ևս խաբել է Աշոտ Տոնոյանը: «Տղայիս համար տուն եմ առել, բայց ինչ, տունը չկա, հիմա տղաս ասում է՝ Հայաստան գամ՝ ի՞նչ անեմ, այնտեղ զբաղված են միայն խաբելով: Թող տան իմ փողը, ես հեռանամ, ինձ այս երկիրը պետք չէ»,- մեզ հետ զրույցում ասել է Հոլանդիայից ժամանած մեր հայրենակիցը:

Բնակիչները նաև նշել են, որ վարձով այլևս ապրել չեն կարող, քանի որ ֆինանսապես ապահովված չեն: «Հերիք եղավ, մարդկանց համբերության բաժակը լցվել է, մենք չենք պատրաստվում թողնել, որ մեզ ճզմեն, բավական է…»,- հայտարարել են Կառավարության շենքի դիմաց հավաքված ցուցարարները:

Տեսանյութեր

Լրահոս