Բաժիններ՝

Ձգտենք բացարձակին. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Դեռահաս տարիքում տանը երբեմն բողոքում էի դպրոցից՝ իբր, ինձ՝ արժանավորիս, ավելի ցածր գնահատականներ են դնում, քան ուրիշ անարժաններին՝ պե՞տք է արդյոք պայքարել արդարության համար:

Ծնողներիս պատասխանը հետևյալն էր (փոխանցում եմ իմաստը). «Այն, ինչ դու անվանում ես պայքար արդարության համար, իրականում պայքար է հանուն քո սեփական կոմֆորտի: Ուրիշ բան, եթե անարդար վարվեն քո ընկերների, ոչ թե քո հանդեպ: Այն, ինչի մասին դու խոսում ես, հարաբերական է՝ «ավելի բարձր, ավելի ցածր», մինչդեռ դու պիտի ձգտես լինել բացարձակ: Այսինքն՝ լինել այնպիսին, որ ոչ մեկի, այդ թվում՝ քեզ չհամակրողի, քո չուզողի, նույնիսկ քո ոխերիմ թշնամու ձեռքը չգնա քեզ ցածր գնահատական նշանակել»: Ահա այսպիսի բարդ, գործնականում՝ անիրագործելի խնդիր:

Իմաստը, որքան հասկանում եմ, հետևյալն է. կայացիր, ինքնահաստատվիր քո, ոչ թե ուրիշների հաշվին, քեզ բարձրացնելով, ոչ թե ուրիշներին նվաստացնելով: Մեր կյանքի բոլոր բնագավառներում՝ սկսած քաղաքականությունից ու բիզնեսից և վերջացրած լրագրությամբ ու արվեստով, ճիշտ հակառակ վիճակն է՝ մարդիկ փորձում են կայանալ ուրիշին «քցելով», նսեմացնելով, նրա դեմ խարդավանքներ նյութելով, նրա մասին բամբասելով:

Ինչո՞ւ Երևանի օպերայում խարդավանքները շատ են, իսկ Բեռլինի օպերայում չկան: Պատասխանելով այդ հարցին՝ Բեռլինում աշխատող մեր երիտասարդ, շնորհալի երգչուհի Նարինե Եղիյանն ասաց. «Մարդիկ այնքան զբաղված են այստեղ, բեմադրություններն այնքան իդեալական վիճակում պետք է լինեն, որ ոչ մի նման բանի ժամանակ չի մնում»: Արտիստներն այնտեղ ապրում են իրենց արվեստը կատարելագործելով, համերգներին և ներկայացումներին պատրաստվելով և (մի զարմացեք) իրար հաջողություններով ուրախանալով: Ձգտում են, մի խոսքով, բացարձակի:

Մեզ մոտ ձգտում են հարաբերականի. «Վույ աղջի, բա իմացար՝ Հոռոմսիմը այսինչ դերերգը ստացավ: Դե, պարզ է՝ փչացածի մեկն է»: Վստահ չեմ, որ տարբերությունը պայմանավորված է միայն բարձր կամ ցածր աշխատավարձով:

Պատգամավորները՝ նույնը: Իրենք հո սոված չեն մնում: Բայց արի ու տես՝ փորձում են հեղինակություն ձեռք բերել՝ մեկը մյուսին անձնապես նվաստացնելով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս