Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանը՝ Աշոտ Սուքիասյանի մասին. «Ամենահեռու երկրներից ենք բերում մեր զբոսաշրջիկ իրավախախտներին» (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը այսօր մասնակցել է «Արզնի» օդանավակայանի տարածքում անցկացված հրամանատարաշտաբային զորավարժության ամփոփիչ փուլին: Ոստիկանության պետը դրա ավարտից հետո պատասխանել է լրագրողների հարցերին և անդրադարձել «օֆշորային» սկանդալին, ինչպես նաև՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցներին:

Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ է մեկ տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում օրերս մեղադրանք առաջադրվել Աշոտ Սուքիասյանին, երբ նրա գտնվելու վայրն այլևս հայտնի չէ, Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է. «Ոչ մեկի գտնվելու վայրը երկիր մոլորակի վրա անհայտ չի կարող լինել: Գոնե մենք այս տարիների ընթացքում ապացուցել ենք, որ ամենահեռու երկրներից ենք բերում մեր զբոսաշրջիկ իրավախախտներին: Ուրեմն՝ այստեղ ես խնդիր չեմ տեսնում: Ինչո՞ւ մի տարի, մի քիչ ավելի քիչ ժամանակ է եղել. որովհետև ուսումնասիրությունների պրոցեսը այլ երկրների հետ, գրագրությունները շատ դժվար են, շատ երկար են տևում:

Եթե մենք հին սովետական միության որոշ երկրների հետ ուղղակի հեռախոսային կապով կարողանում ենք որոշակի խնդիրներ լուծել, այստեղ այլ պետությունների հետ աշխատելիս մենք դիվանագիտական, ինտերպոլի և այլ խողովակներով ենք աշխատում: Դա ունի իր բյուրոկրատական ձգձգման և այլն պրոցեսները: Դա է մեծ հաշվով»:

Լրագրողների ճշտմանը՝ արվո՞ւմ է հնարավորը՝ նրա հայտնաբերելու համար, ոստիկանապետն այսպես է արձագանքել. «Հնարավորը… Հայտնաբերելու խնդիր չունենք: Աշխատում ենք, համարյա գիտենք՝ ով որտեղ է գտնվում: Կաշխատենք: Հիմա եթե ես ասեմ՝ վաղը կբերենք, վաղը չենք բերի: Նորից մենք ունենք ծանր դեպքերով հետախուզվողներ, որոնք հայտնաբերված են այս կամ այն երկրում, և երկու-երեք ամիս է՝ մենք չենք կարողանում բերել՝ նորից դրանց օրենքների հետ կապված խնդիրներ կան»:

Կարդացեք նաև

Հարցին՝ արդյոք արժանահավատ համարո՞ւմ եք Աշոտ Սուքիասյանի տարածած հաղորդագրությունը, որում նշել է, թե ինքն է բաժնեմասեր գրել վարչապետ Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի անուններով, Վ. Գասպարյանը պատասխանել է. «Ես ոստիկանության պետն եմ: Վաղը ինձ կմեղադրեն իմ ցանկացած կարծիքի դեպքում այս կամ այն մարդու օգտին ինչ-որ հարցին պատասխանելու մեջ: Որպես քաղաքացի իմ համոզմունքն ունեմ, բայց ուսադիր կրելու պայմաններում՝ այստեղ կանգնած, իմ քաղաքացու կարծիքը թողեք մնա ինձ: Իսկ ինչ վերաբերում է ոստիկանության պետին, զեկուցեմ ձեզ նորից, որ գնում է նախաքննություն և կատարվում են բոլոր օպերատիվ ու քննչական միջոցառումները, և գոնե մենք այս ամբողջ ժամանակահատվածում ցույց ենք տվել, որ մենք բաց ենք աշխատում»:

Անդրադառնալով Գորիսի դեպքերին՝ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Վատ դեպք է: Ես կարծում էի, որ մեսիջները, որոնք ուղարկեցի Գյումրիից, հասանելի են բոլորի համար, բայց դա ազգային առանձնահատկություն է: Ես կարծում եմ, որ մեր հասարակությունն էլ և նման մարդիկ էլ կհրաժարվեն այդ առանձնահատկությունից և, կարծում եմ, որ կլինի բառիս բուն իմաստով ապահով և խաղաղ երկիր»:

Լրագրողների հարցին՝ արդյոք Սուրեն Խաչատրյանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք և հավատո՞ւմ եք այն վարկածին, որ վերջինս քնած է եղել, Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է, որ իրավասու չէ նման գնահատականներ տալ, չի կարող նման հռետորական պատասխաններ տալ և որևէ գնահատական տալն իր կողմից էթիկայի կանոնների խախտում կլինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս