Human Rights Watch-ը Բառոզուին կոչ է արել Իլհամ Ալիևից պահանջել մարդու իրավունքների պահպանում

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դիմել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուին՝ կոչ անելով հունիսի 21-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման խնդիրը:

HRW-ն Բառոզուին խնդրել է ԵՄ-ի անհանգստությունը հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի վատթարացման կապակցությամբ և Բաքվին կոչ անել կոնկրետ միջոցներ ձեռնարկել իրավիճակի բարելավման ուղղությամբ՝ նախորդ շաբաթ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևերին համապատասխան:

HRW-ի ուղերձում մասնավորապես ընդգծվում է քաղբանտարկյալներին ազատ արձակելու, վերջին շրջանում ընդունված օրենսդրական սահմանափակումների չեղյալ հայտարարման անհրաժեշտությունը, որոնք հակասում են Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորություններին:

Վերջին 15 ամիսներին Ադրբեջանում զգալիորեն շատացել են հիմնական իրավունքների ու ազատությունների չարաշահումները: Հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ իշխանությունները նմանատիպ նոր օրենքներ են ընդունում: Ուղերձի վրա իրենց ստորագրությունն են դրել HRW-ի՝ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Ուիլյամսոնը և ԵՄ-ի գծով տնօրեն Լոթե Լեյչը:

 

Տեսանյութեր

Լրահոս