Եվրոպական 6 երկրում ձերբակալվել է 13 վրացի «օրենքով գող»
Եվրոպոլի պաշտոնական կայքի (https://www.europol.europa.eu/) փոխանցմամբ՝ եվրոպացի ոստիկանները հարված են հասցրել ռուսալեզու կազմակերպված հանցավոր խմբին: Դա միանգամից իրականացվել է Եվրոպայի արևմտյան ու կենտրոնական հատվածներում գտնվող մի շարք երկրներում:
Ձեռնարկված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են վրացական ծագմամբ ավելի քան մեկ տասնյակ մաֆիոզիներ: Ընդհանուր առմամb, ոստիկանությունը ձերբակալել է 18 մարդու, որոնցից 13-ը Քութայիսում բազավորված վրացական կլանը ներկայացնող «օրենքով գողեր» են:
Եվրոպոլն ընդգծել է, որ Եվրոպայում առաջին անգամ են ձերբակալվում նման մեծ քանակությամբ քրեական հեղինակություններ: Մասշտաբային գործողությունը մշակվել է Իտալիայում, ուր ձերբակալվել է 8 մարդ:
Միաժամանակ ձերբակալություններ են իրականացվել ԵՄ-ի անդամ այլ երկրներում ևս. Չեխիայում և Պորտուգալիայում՝ երկուական մարդ, Ֆրանսիայում ու Հունգարիայում՝ մեկական մարդ, Լիտվայում՝ 5 մարդ: Ձերբակալման ժամանակ նրանցից առգրավվել են զենքեր, թմրանյութեր և մոտ 100.000 եվրո:
Գործողությանն էական օգնություն են ցուցաբերել Բելգիայի, Գերմանիայի ու Լեհաստանի իրավապահները: Ձերբակալությունները դարձան 18-ամսյա հետաքննության ավարտը, որի ընթացքում իրավապահ մարմինները ԵՄ-ի մի շարք երկրներում փոխանակել են տվյալներ և հավաքել են ապացույցներ:
Քութայիսյան կլանի ղեկավարի ձերբակալումն իրականացվել է Հունգարիայում: Հետխորհրդային տիրույթի մաֆիայի դեմ պայքարը դեռ ավարտված չէ, ակնկալվում է, որ կլինեն նոր ձերբակալություններ:
Եվրոպոլի տվյալներով՝ վերջին շրջանում Եվրոպայում ընթանում է քրեական պատերազմ առավել ազդեցիկ «օրենքով գողերի» թբիլիսյան ու քութայիսյան կլանների միջև: Երկու խմբավորումն էլ ձգտում է իր վերահսկողության տակ առնել Եվրոպայի ողջ քրեական աշխարհը:
Եվրոպոլն ընդգծել է, որ 2013 թվականի հունվարին Մոկսվայում «ռուսական մաֆիայի արքա» Ասլան Ուսոյանի (մականունը՝ «Դեդ Հասան») սպանությունը հանգեցրել է արևելքից «օրենքով գողերի» ներհոսքին և ազդեցության գոտիների համար պայքարի սրացմանը:
Վրացի մաֆիոզիները փորձում են ԵՄ-ի անդամ երկրներն օգտագործել որպես ապաստան՝ վախենալով հայրենիքում հետապնդումներից: Բացի այդ, ազատ տեղաշարժն ու հիանալի ենթակառուցվածքը, որով նշանավոր է Եվրոպան, հավելյալ առավելություններ են ստեղծում հանցավոր խմբավորումներին ղեկավարելու համար:
Եվ վերջապես, եվրոպական երկրներում ավելի հարմար է հանցավոր եղանակով ստացված «փողեր լվանալը»՝ դրանք ներդնելով լեգալ բիզնեսի մեջ: