Լևոն Զուրաբյան. Օֆշորային այս սկանդալից հետո ո՞ր բարեխիղճ ներդրողը սթափ վիճակում ՀՀ-ում ներդրում կանի

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում «Հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկումների ժամանակ Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե ԱԺ-ում կան առանցքային պատգամավորներ, ովքեր միաժամանակ զբաղվում են բիզնեսով:

ՀԱԿ պատգամավորի խոսքերը դուր չեկան ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին, ով տեղից իր անհամաձայնությունը հայտնեց՝ ասելով. «Տո դու ո՞վ ես, որ պիտակավորում ես…»:

Լևոն Զուրաբյանն էլ հակադարձեց. «Լսեք, լսեք, իրենք հանցագործություն են գործում, օգտակար է ձեզ համար, լսեք»: Սակայն Գալուստ Սահակյանը շարունակում էր խոսել, Լ. Զուրաբյանն էլ՝ դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ասաց. «Պարոն վարող, միգուցե ձեր պատգամավորներին կարգի՞ հրավիրեք»: Հովիկ Աբրահամյանն էլ Լ. Զուրաբյանին կոռեկտության կոչ արեց, ապա խնդրեց Գալուստ Սահակյանին հնրավարություն տալ պատգամավորին ելույթ ունենալ:

Շարունակելով իր խոսքը, ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասաց, թե ԱԺ առանցքային պատգամավորները փորձում են համոզել, որ ընդդիմադիրները «վանում են» իրենց պահվածքով Հայաստանում ներդրումներ կատարելու միտումը: «Ներդրումները վանելու մասին խոսում է մի իշխանություն, որն իր ձախողումների պատճառով, ձախողեց «Millennium Challenge» ընկերության ներդրումների խոշոր ծրագիրը: Ներդրումները վանելու մասին խոսում է մի իշխանություն, որի պատճառով դոնորների կոնֆերանսն ադպես էլ չհրավիրվեց: Դուք գուցե կարծում եք, որ այս բոլոր չարաշահումների մասին բացահայտումները, որոնք մենք լսեցինք ՎՊ հաշվետվության մեջ, չե՞ն հասնում միջազգային հանրությանը: Մենք շփվում ենք դիվանագետների հետ, գիտենք, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանը այլևս չեն հասկանում` ինչո՞ւ պետք է վարկեր տան Հայաստանին, որոնք օգտագործվում են Հայաստանը ապրօրինի կառավարող ընտանիքների հարստացման համար»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Նա հիշեցրեց նաև Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի շուրջ ստեղծված միջազգային սկանդալը և նշեց. «Այսքանից հետո ի՞նչ ուղերձ է տալիս իշխանությունը, երբ նման հանցագործություններ կատարած մարդուն ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ է նշանակում: Իսկ օֆշորային այս սկանդալից հետո ո՞ր բարեխիղճ ներդրողը սթափ վիճակում ՀՀ-ում ներդրում կանի: Ներդրումները վանելու համար կարելի է մեղադրել միայն ձեր իշխանությանը»:

Անդրադառնալով գործարար Ռուբեն Վարդանյանին, ում նախաձեռնությամբ ստեղծվում է Դիլիջանի միջազգային դպրոցը, Լևոն Զուրաբյանը արձագանքեց. «Հիմա լավ, հազիվ մի ներդրող գտել եք, որը փորձում եք կոխել մեր աչքը: Բայց նա Քսենյա Սոբչակի հետ հարցազրույցում անկեղծորեն խոստովանել է, որ ՀՀ-ում կոշտ կլանային համակարգ է գործում, բայց ինքը ներդրումներ է կատարում, որովհետև բարի հարաբերություններ ունի իշխանությունների հետ: Վարդանյանը բացահայտ ասում է, որ Սերժ Սարգսյանը կամ Տիգրան Սարգսյանը օրթախ են իր հետ»:

Այնուանայնիվ, նրա խոսքով, ՀԱԿ-ը ձեռնպահ կքվեարկի օրինագծին, որովհետև այս պրոեկտը բավական լուրջ ծրագիր է և «ներդրումների հարցում պետք է անգամ փրփուրներից բռնվենք, որ ապահովենք գոնե ինչ-որ ֆինանսական հոսք, որ Դիլիջանում զսպվի նաև փախեփախ արտագաղթը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս