Վրացական գյուղմթերքը ռուսական շուկա կվերադառնա 2-3 շաբաթ հետո
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը 2-3 շաբաթվա ընթացքում կարող է վերսկսել գյուղմթերքի մատակարարումները Ռուսաստանին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայության (Россельхознадзор) մամլո քարտուղար Ալեքսեյ Ալեքսեենկոն:
Վերջինիս խոսքերով՝ նման որոշում է ընդունվել Россельхознадзор-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտի և Վրաստանի Սննդամթերքի ազգային գործակալության պետ Զուրաբ Չեկուրաշվիլիի հանդիպման ժամանակ:
Ալեքսեյ Ալեքսեենկոն հայտարարել է, որ վրացական գյուղմթերքի մատակարարման պայմանների վերջնական համաձայնեցումը կավարտվի 2-3 շաբաթվա ընթացքում, ինչից հետո էլ կսկսվի գյուղմթերքի մատակարարման գործընթացը:
Ռուսական շուկա վրացական գինու, հանքային ջրի ու գյուղմթերքի մուտք գործելու վրա բեռնարգելք է դրվել 2006 թվականի գարնանը: Վրացական հանքային ջուրը, գինին ու կոնյակն արդեն իսկ վերադարձել են ռուսական շուկա: