Ներկայացել է որպես գյուղնախարարության աշխատակից և խոստացել տրամադրել տրակտորներ
Արշակ Աբրահամյանը, ներկայանալով որպես գյուղնախարարության աշխատակից, Տավուշի մարզի մի շարք գյուղերի բնակիչներից խաբեությամբ հափշտակել է գումարներ՝ խոստանալով վերջիններիս մրցույթի կարգով ձեռքբերել ՀՀ ներկրված գյուղատնտեսական տեխնիկա հանդիսացող Բելառուս մակնիշի տրակտորներ: Գործը վարույթ է ընդունել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Մասնավորապես՝ ըստ քրեական գործի նյութերի` Արշակ Աբրահամյանը, 2010թ. սեպտեմբերից մինչև 2011թ. ապրիլի վերջերին ներկայանալով որպես ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակից, չարաշահելով Տավուշի մարզի Իջևան քաղաքի, Այգեհովիտ, Խաշթառակ, Սևքար գյուղերի մի շարք բնակիչների վստահությունը, Ճապոնիայի կառավարության 10-րդ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Բելառուսի Հանրապետությունից ՀՀ ներկրված գյուղատնտեսական տեխնիկա հանդիսացող Բելառուս մակնիշի տրակտորներից 4-ը համապատասխան գյուղատնտեսական գործիքների հետ միասին մրցութային եղանակով վերջիններիս իրացնելու պատրվակով, նրանցից խաբեությամբ հափշտակել է գումարներ:
Բացի այդ, Ա.Աբրահամյանը, Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի բնակիչ Վարդազար Հովհաննիսյանին ներկայանալով որպես «Էրեբունի ալկո» ընկերության ներկայացուցիչ, մեծ քանակությամբ ցորեն գնելու և վերը նշված ընկերությանը իրացնելու պատրվակով, ըստ նախաքննական մարմնի, խաբեությամբ նրանից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող` 3936860 ՀՀ դրամ արժողությամբ 29 տոննա ցորեն:
Արշակ Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: