Բաժիններ՝

Գործարար Աշոտ Սուքիասյանը երեկվանից մեղադրյալ է համարվում և հետախուզվում է

Գործարար Աշոտ Սուքիասյանը դեռևս անցած տարի հարուցված քրեական գործի շրջանակներում, երեկ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին Tert.am-ին ասել է Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Աշոտ Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանքը, իսկ հետախուզում հայտարարվել է, քանի որ «Աշոտ Սուքիասյանի գտնվելու վայրը անհայտ է»:

Կայքը հիշեցնում է, որ ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկն է, և ում անունը կապվում է Կիպրոսում ՝ օֆշորային գոտում վարչապետ Տիգրան Սարգսյանի, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ միասին ընկերություն գրանցելու մեջ, ինչը և՛ վարչապետը և՛ Նավասարդ Կճոյանը հերքում են:

Նշենք, որ Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի, 184-րդ հոդվածի 2-րդ մասի և 184-րդ հոդվածի 2-րդ մասի, 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով: Առաջադրված մեղադրանքներն են՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն,առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով և առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելը:

Աշոտ Սուքիասյանի անունը կապվում է նաև գործարար Փայլակ Հայրապետյանի հետ արդեն մոտ երկու տարի ընթացող հակամարտության հետ: Վերջերս այդ վեճը տեղափոխվել է նաև վիրտուալ հարթակ, քանի որ հունիսի 4-ից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացվել է «Աշոտ Սուքիասյանի ճշմարտությունը» խորագրով էջ, որտեղ գործարարը ներկայացրել է «իր ճշմարտությունները»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս