
Freedom House-ը դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին հերոսացնելը

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա ընկած տարածքում գտնվող 29 երկրներում քաղաքացիական հասարակության զարգացման մասին իր հաշվետվությունը:
Դրանում նշված է, որ ողջ Եվրասիայում «սպառնալից վատթարացում» է ապրել քաղաքացիական հասարակության զարգացումը: Այս տարի Ադրբեջանը նախորդ տարիների նման հաշվետվությունում դասվել է քաղաքացիական հասարակության ցածր զարգացվածություն ունեցող երկրների թվին: Նույնը վերաբերում է Ռուսաստանին, Ղազախստանին, Բելառուսին, Թուրքմենստանին ու Ուզբեկստանին:
Freedom House-ն ընդգծել է, որ Ադրբեջանի, Տաջիկստանի ու Բելառուսի իշխանություններն ուժեղացրել են կառավարության քննադատների հետապնդումները: Freedom House-ը կարծում է, որ այդ երկրներում ավտորիտար միտումներն ուժգնանում են կոռուպցիայի, ԶԼՄ-ների գրաքննման ու ընդդիմության հետապնդումների տարածման պատճառով:
Զեկույցում ընդգծվում է, որ ժողովրդավարական զարգացման հարցում շարունակում է աճել Ադրբեջանի ու նրա հարևանների միջև առկա տարբերությունը: Freedom House-ը քննադատել է ադրբեջանցի տխրահռչակ սպա Ռամիլ Սաֆարովին հերոսացնելը, որին Հունգարիան արտահանձնել էր Ադրբեջանին:
Իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է նաև Ադրբեջանում օրենսդրական արմատական ուղղումների ընդունումը՝ կապված հանրահավաքներին մասնակցելու համար սահմանված տուգանքների մեծացման և համացանցում զրպարտանք տարածելը քրեականացնելու հետ: