Բաժիններ՝

Բրազիլիայում գրանցվել են վերջին 20 տարվա խոշորագույն բողոքի ակցիաները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժել է գրեթե 30 մարդ, որոնցից 20-ը ոստիկաններ են:

Բողոքի ակցիաներն իրականացվել են ընդդեմ հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման և ֆուտբոլի Կոնֆեդերացիայի գավաթի անցկացման համար մեծ ծախսերի: Դրա հետ կապված՝ բողոքի ակցիաներ են անցկացվել Բրազիլիայի 11 քաղաքներում, այդ թվում նաև մայրաքաղաք Բրազիլիայում:

Փողոցներ են դուրս եկել ավելի քան 220.000 մարդիկ: Բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 13-ին, ինչի համար առիթ է ծառայել ավտոբուսի ու մետրոյի ուղեվարձի բարձրացումը: Բրազիլացիները դժգոհ են նաև կրթության ու առողջապահության ոլորտների ոչ բավարար ֆինանսավորումից:

Ցուցարարները փորձել են գրավել Բրազիլիայում Ազգային կոնգրեսի շենքը, Ռիո դե Ժանեյրոյում՝ նահանգի օրենսդիր ժողովի շենքը և Սան Պաուլուում՝ նահանգի վարչակազմի շենքը: Սակայն բոլոր դեպքերում էլ ոստիկանները հետ են մղել նրանց:

Նշվում է, որ բողոքի այդ ակցիաները խոշորագույնն էին վերջին 20 տարվա ընթացքում: 2014 թվականին Բրազիլիայի 12 քաղաքներում պետք է անցկացվի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը, իսկ 2016 թվականին պլանավորված է Ռիո դե Ժանեյրոյում անցկացնել ամառային Օլիմպիական խաղերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս