
«Հարսնաքարի» գործով փաստաբանները նախազգուշացվեցին

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր դատական սանկցիա՝ նախազգուշացում, կիրառեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում բռնարարքի գործով մեղադրանքի ու պաշտպանության կողմի 4 փաստաբանների: Փաստաբաններ, տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, ամբաստանյալներ Արման Խաչատրյանի, Արման Բաղդասարյանի ու Նորայր Հայրապետյանի պաշտպաններ Ավագ Լալայանը, Միհրան Պողոսյանը և Երեմ Սարգսյանը չէին ներկայացել նախորդ ՝ հունիսի 11-ի դատական նիստին՝ ընդդեմ ՀՀ վճռաբեկ դատարանի փաստաբանների բողոքի ակցիաներին մասնակցելու պատճառով: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Դատարանն անհարգելի գնահատեց փաստաբանների բացակայությունը և արձանագրեց, որ փաստաբանների բացակայությամբ խոչընդոտվել է դատական նիստի բնականոն ընթացքը, մասնավորապես, նիստը տեղի չի ունեցել ու չեն հարցաքննվել դատարան ներկայացած վկաները: