Չարաշահումները արմատախիլ անելու բանալին՝ ըստ Հովիկ Աբրահամյանի
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարել էր. «Հովիկ Աբրահամյանը, ով ռուսական ու հայկական լրատվամիջոցների համաձայն, դարձել է խոշորագույն սեփականատերերից մեկը, փնտրում-փնտրում ու այդպես էլ չի գտնում, թե ովքե՞ր են թալանում հայրենիքը: Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը, ում անունը կապվել է ամենակոռուպցիան սկանդալներից մեկի հետ, պահանջում է բացահայտել կոռուպցիոներներին: Իսկ օֆշորային սկանդալի կիզակետում հայտնված վարչապետը ևս բացահայտում է պահանջում»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ քիչ առաջ մոտենալով ԱԺ ամբիոնին, ասաց, թե ինքը մի պահ գայթակղվել է Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությանը պատասխանելու հարցում, սակայն մտածել է, թե՝ «մաղձին պատասխանելը անիմաստ է»:
Ապա անդրադառնալով Վերահսկիչ պալատի 2012թ. տերեկան հաշվետվությանը, Հովիկ Աբրահամյանն ասաց, թե խորհրդարանական քննարկումներն, իր կարծիքով, անցան շահագրգիռ: «Այս քննարկումներին ես դրական եմ վերաբերում: Սրանք բնական են, տեղավորվում են ժողովրդավարության շրջանակներում: Երբ իշխանությունն ինքն է խոսում իր թերությունների մասին, դա դրական է: Միայն ուժեղ իշխանությունը կարող է խոսել դրանց մասին: Մեր նպատակը որևէ մեկի վրա ցեղ շպրտելը չէ, այլ` չարաշահումները բացառելն է»,- ասաց նա:
Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, թե ՀՀԿ ղեկավարը, քաղաքական մեծամասնությունը որևէ մեկին պաշտոն առաջարկելու ընթացքում որևէ պայման չեն առաջադրում, թե պաշտոնը ստանձնելուց հետո այդ նախարարը կամ մարզպետը պետք է յուրացումներով զբաղվեն. «Իմ զարմանքը զարմացնում է շատերին: Բայց ես զարմանում եմ, որովհետև նման պայմանավորվածություն մենք չունենք: Դրա համար ենք խոսում ու քննադատում: Մենք էլ ակնկալում ենք, որ չարաշահումներով ու յուրացումներով զբաղվող մարդիկ, պետք է պատասխանատվության ենթարկվեն»:
Նա առաջարկեց հարցը քննարկել համապատասխան հանձնաժողովներում` գործադիրի համապատասխան կառույցների մասնակցությամբ, օրենքում կատարել փոփոխություններ, որպեսզի մասնակից լինեն ՎՊ-ն, կառավարարությունը ու գլխավոր դատախազությունը: Հենց սա, ըստ նրա, կլինի «չարաշահումները արմատախիլ անելու բանալին»:
Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ իրենք ցանկություն չունեն որևէ մեկին անհիմն մեղադրանքներ ներկայացնելու: