Թբիլիսյան խճուղում Mercedes-ը 40 մետր գլորվել է ձորը. հիվանդանոց տեղափոխված բոլոր անձինք գտնվում էին ոչ սթափ վիճակում (լուսանկարներ)
Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Թբիլիսյան խճուղու ձորում մեքենա կա՝ կողաշրջված վիճակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանները պարզել են, որ դեռևս անհայտ պայմաններում Mercedes մակնիշի 34 ՕV 307 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, բախվելով էլեկտրասյանը, 40 մետրից ավել գլխիվայր շրջվելով կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում` կոտրելով նաև ձորում մի քանի ծառեր, իսկ նշված վայրից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 23-ամյա Ալիսա Հովակիմյանը, 24-ամյա Արսեն Շառոյանը, 18-ամյա Վազգեն Վարդանյանը։ Ականատեսները պատմում էին, որ 1 հոգի նույնպես տեղափոխվել է հիվանդանոց, ում տվյալները ոստիկանությունը պարզում է, և հիվանդանոց տեղափոխված բոլոր անձինք գտնվում էին ոչ սթափ վիճակում։ Դեպքի վայր էին ժամանել նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի և պարեկապահակային գնդի աշխատողները, ովքեր մեծ դժվարությամբ հետաքրքրասեր քաղաքացիներին հեռացնում էին վթարի վայրից, իսկ շատ քաղաքացիներ ծխախոտով էին, ինչը վտանգ էր ներկայացնում իրենից, քանի որ երբ մեծ դժվարությամբ ավտոմեքենան վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս բերվեց ձորից, դիզվառելիքի արտահոսք էր սկսվել, ինչի համար էլ լրացուցիչ ժամանեցին հրշեջ-փրկարարաներ՝ 1 մարտական հաշվարկով։ Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր Ոստիկանության քննչական գլխավար վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանը, ում հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, պարզվում է վարորդի և 4-րդ վիրավորների ինքնությունը։ Վթարի հետևանքով ամբողջովին պոկվել էին նաև Ucom ընկերության մալուխը, և ի տարբերություն էլեկտրացանցի աշխատակիցների՝ օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ucom ընկերության ներկայացուցիչները, ովքեր աշխատանքներ էին կատարում վթարված կապը վերականգնելու համար։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի