Թուրքիայի ու ԵՄ-ի հարաբերությունները կարող են վատթարանալ. Թուրքիայի իշխող կուսակցություն

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) անդամ Մազհար Բաղլըն չի բացառում, որ ԵՄ-ի ու Թուրքիայի փոխհարաբերություններում կարող է տիրել «սառնություն», ինչի պատճառը ԵՄ-ի «անհիմն և ոչ օբյեկտիվ» հայտարարություններն են.

«Նմանատիպ հայտարարությունները կարող են հանգեցնել ԵՄ-ի ու Թուրքիայի միջև հարաբերությունների սառեցմանը: Սակայն դա չի ազդի ԵՄ-ի հետ լիամասշտաբ հարաբերությունների վրա:

Թուրքիայի դեպքերի վերաբերյալ Եվրախորհրդարանի որոշումը կրում է հապճեպ բնույթ: Նման որոշում ընդունելուց առաջ Եվրախորհրդարանը պետք է մանրակրկիտ հետազոտեր իրավիճակը Թուրքիայում և միայն դրանից հետո հանդես գար տվյալ կապակցությամբ պաշտոնական հայտարարությամբ:

Թուրքիայի տնտեսական աճն ու եվրոպական մի շարք երկրներում տնտեսական անկումը հիմք են տալիս պնդելու, որ նմանատիպ հայտարարությունների պատճառը Թուրքիայի տնտեսական հաջողության նկատմամբ նախանձի զգացում ունենալն է:

Եթե հետագայում պահպանվի Թուրքիայի հանդեպ ԵՄ-ի նման վերաբերմունքը, ապա երկիրը սկսի վարել նոր քաղաքականություն, որը կկարողանա կանխել ԵՄ-ի այդօրինակ հայտարարությունները»:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանությունները ոտնահարում են ցուցարարների իրավունքները:

Տեսանյութեր

Լրահոս