Հրայր Թովմասյան. ՎՊ-ն պետք է արձանագրի փաստերը, իսկ մնացածն իր գործը չէ
ԱԺ-ում Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ քիչ առաջ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարեց, թե ԱԺ արտահերթ նիստը անցկացվում է Կառավարության առաջարկով, ինչն, ըստ նրա, վկայում է այն մասին, որ Կառավարությունը թաքցնելու ոչինչ չունի և պատրաստ է բաց քննարկման:
Հրայր Թովմասյանի խոսքով` նման զեկույցները «գալիս են կոտրելու» այն մտածողությունը, թե երկրում գերկենտրոնացած իշխանություն է, ամեն ինչ պլանավորված է, կենտրոնացված: Նախարարը շեշտեց, որ ՎՊ հաշվետվության մեջ ընդգրկված խնդիրների լուծումները ոչ միայն օրենսդրական ճանապարհով պետք է լուծվեն, այլև մտածողության փոփոխությամբ.
«Մտածողության փոփոխություն պետք է լինի` անկախ նրանից, հիմա որտեղ է, մտածողություն, որի պարագայում սեփական լուման պետության 1 մլն դրամի համեմամատ թանկ չի լինի և այլն»,- ասաց նա:
Հ. Թովմասյանը շնորհակալություն հայտնեց ընդդիմության մի քանի գործիչների` Արմեն Ռուստամյանին, Ռուբեն Հակոբյանին, ովքեր, նրա խոսքով, չփորձեցին պահն օգտագործել ու «ձեռքերը տաքացնել»` պատասրատակամություն հայտնելով օգնել ու չտրվել այն մտքին, որ «ոչինչ այնքան թանկ չէ, որքան պոպուլիզմը»:
Ինչ վերաբերում է ՎՊ հաշվետվության մեջ տեղ գտած աղմկահարույց փաստերի հետևանքներին, ապա Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ «ՎՊ-ն պետք է արձանագրի փաստերը, իսկ մնացածն իր գործը չէ»:
Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությանը, թե ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն իրենց խմբակցության հետ քննարկման ժամանակ ասել է, որ անվստահություն ունի դատախազության նկատմամբ և դա է պատճառը, որ խախտումները չեն ուղարկվում ՀՀ գլխավոր դատախազություն, նախարարը նկատեց. «Ես անկողծորեն չեմ ուզում հավատալ, որ ՎՊ նախագահն ասել է նման բան: Մենք կարող ենք չվստահել տարբեր մարդկանց, բայց ուզել-չուզելով չէ չվստահել իրավապահ մարմիններին: Չնայած Իշխան Զաքարյանն իր հարցազրույցներից մեկում ժխտել է այս հայտարարությունը, բայց ուզում եմ շեշտել, որ անվստահության մթնոլորտում լուծումներ չեն գտնվում»:
Ի դեպ, Հ. Թովմասյանի ելույթից հետո Գագիկ Ջհանգիրյանը ցանկանում էր արձագանքել , քանի որ ելույթի ժամանակ հնչել էր իր անունը, բայց խոսելու հնարավորություն նրան չտրվեց: